211652_close_icon
views-count2279 դիտում article-date 17:39 09-04-2021

Կարեն Ավագյան. Հաղթանակս նվիրում եմ մեր զինվորների վառ հիշատակին. Sport.News.am

Սպասված էր հաղթանակս, ես գիտեի, որ լինելու է։ Հաղթանակս նվիրում եմ մեր զինվորների վառ հիշատակին։

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Մոսկվայից ասաց ծանրամարտի Եվրոպայի նորընծա չեմպիոն Կարեն Ավագյանը։

Մոսկվայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ավագյանը 89 կգ քաշայինների պայքարում չեմպիոնի տիտղոսը նվաճեց երկամարտի 375 կգ արդյունքով եւ 1 կգ գերազանցեց երկրորդ տեղը գրաված վրացի Ռեւազ Դավիթաձեին։ Այդ քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Անդրանիկ Կարապետյանը 365 կգ երկամարտի արդյունքով դարձավ բրոնզե մեդալակիր։

21-ամյա ծանրորդի համար Եվրոպայի առաջնությունն առաջինն էր մեծահասակների մակարդակում։

Կարեն, շնորհավորում եմ Եվրոպայի չեմպիոն հռչակվելու կապակցությամբ։ Սպասվա՞ծ էր քեզ համար այս հաղթանակը։

Շնորհակալ եմ շատ։ Սպասված էր ինձ համար։ Չեմպիոն դեռ նախորդ տարի պետք է դառնայի, քանի որ տրամադրվել, պատրաստվել էի 2020 թվականի Եվրոպայի առաջնությանը, բայց կորոնավիրուսը հետաձգեց ծրագրերս, չեմպիոնությունս։ Մեկ տարվա դադարը նաեւ օգնեց, որ առավելագույնս պատրաստվեմ այնպես, որ չհաղթելու տարբերակ չմնա։ Ինձ հաղթանակը շատ էր պետք, շատ էի ուզում հաղթել։

Ամենասկզբից էլ եկել էի չեմպիոնության. այնպես չէր, որ սա պատահական ստացված հաջողություն էր։ Ես գիտեի, որ մոտեցմանն ինչ քաշ պետք է բարձրացնեմ, որքան կարող եմ եւ որքան չեմ կարող։

Ի՞նչ հույզեր ունեցար, երբ այսօր արթնացար ու հասկացար, որ Եվրոպայի չեմպիոն ես։

Դեռ չեմ զգացել ոչինչ, ասես՝ ոչինչ չի էլ եղել, կամ չեմ գիտակցում դեռ: Իմ կյանքում ոչինչ չփոխվեց՝ ես նույն Կարենն եմ, բնավորությամբ շատ հանգիստ։ Տպավորություն է, թե ամեն ինչ այսկերպ էլ պետք է լիներ։ Չեմ ցանկանում փոխվել, այս մեդալն ինձ չի փոխի։

Հետեւում եմ սոցցանցերի աժիոտաժին։ Ինձ ուրախացնում է այն փաստը, որ մարդիկ ուրախացել են։ Այս հաղթանակի, հաջողության համար շնորհակալ եմ մեր հավաքականին։ Մենք ունենք աշխարհի ամենաուժեղ, ամենալավ ու ամենամոտիվացնող հավաքականը։ Ինձ նաեւ շատ օգնեց ընտանիքս։ Առանց նրանց այս հաղթանակը չէինք ունենա, որովհետեւ իրականում այնքան հեշտ չէր, ինչպես թվում է մրցահարթակից։ Շնորհակալ եմ իմ անձնական մարզիչ Վիգեն Խաչատրայնին, հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանին, որ հավատացին ինձ։

Հաղթանակս նվիրում եմ մեր զինվորների հիշատակին։ Այն մի պահը, որ կարողացել եմ բոլորին, մեր ազգին ուրախացնել, դրա համար երջանիկ եմ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ Sport.News.am-ում

Նմանատիպ նյութեր