211652_close_icon
views-count1343 դիտում article-date 23:18 08-04-2021

Հայաստանի պետական ջազ նվագախումբը համերգ կնվիրի ջազի լեգենդ Չիկ Կորեայի հիշատակին

Հայաստանի պետական ջազ նվագախումբը համերգ կնվիրի ջազի լեգենդ, 25 Grammy-ի մրցանակակիր Չիկ Կորեայի հիշատակին: Ապրիլի 18-ին, ժամը 19։00-ին Հայաստանի ճարտարապետների միության դահլիճում (Բաղրամյան 17) Ջազ նվագախումբը, գեղարվեստական ղեկավար ու դիրիժոր Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ, կներկայացնի անվանի երաժշտի ստեղծագործությունները՝ գործիքավորված հատուկ մեծ ջազ նվագախմբի համար:

Չիկ Կորեան վարպետ էր, որը միշտ ուզում էր լինել աշակերտ․․․ Առանց նրա հնարավոր չէ պատկերացնել ժամանակակից ջազը:

Չիկ Կորեան (1941-2021) ամերիկացի ջազ կոմպոզիտոր էր, դաշնակահար, բենդի ղեկավար: Կորեայի մեծ ջազային կարիերան սկսվել է Նյու Յորքում 1960-ականների երկրորդ կեսին ջազային կոլեկտիվներում, որոնք ղեկավարում էին Մոնգո Սանտամարիան, Ուիլի Բոբոն, Հերբի Մենը և Ստեն Գետցը:

Այդ ժամանակաշրջանում նա ստեղծում է իր առաջին սոլո ձայնագրությունները: Նրա վաղ աշխատանքներից ամենակարևորը Now He Sings, Now He Sobs (1968) երկրորդ սոլո ալբոմն է, որն այս հարյուրամյակի սկզբում դարձել է Grammy-ի Փառքի սրահի բաղկացուցիչ մասնիկը: Երաժշտի գործունեության ամենակարևոր փուլերից է շեփորահար Մայլզ Դևիսի հետ համագործակցությունն էր, որի հետ ձայնագրվել են բազում նշանակալի ալբոմներ (Filles de Kilimanjaro, In A Silent Way, Bitches Brew):
Չիկ Կորեայի հայտնի Spain, La Fiesta, Armando's Rhumba, Windows ստեղծագործությունները համարվում են ջազ ստանդարտներ, և նույնպես հնչելու են համերգի ընթացքում: Տարբեր տարիներին Կորեան աշխատել է ամենատարբեր կազմերի՝ ավանգարդ Circle-ի, Return To Forever և Elektric Band ֆյուժն խմբերի, Akoustic Band-ի, New Trio-ի, The Origin-ի և այլոց հետ:
Չիկ Կորեան արժանացել է 25 Grammy մրցանակի և ավելի քան 60 անգամ առաջադրվել հեղինակավոր մրցանակաբաշխությանը:

Հարցերի դեպքում կարող եք
կապ հաստատել PR պատասխանատու
Ռոզա Գրիգորյանի հետ 077303484

 

Նմանատիպ նյութեր