211652_close_icon
views-count763 դիտում article-date 16:43 07-04-2021

Բանկերը ներել են պատերազմում զոհված անձանց և նրանց հարազատների մոտ 3 մլրդ դրամի վարկեր. նախարար

Հայաստանում ֆինանսական կազմակերպությունները ներել են Արցախի պատերազմում զոհված զինծառառայողների, նրանց հարազատների 3 մլրդ դրամ ծավալով վարկային պարտավորություններ:  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար  Մեսրոպ Առաքելյանը:

Նախարարը հիշեցրեց, որ դեռ ատերազմի ընթացքում կառավարությունը նախաձեռնել է Հարկային օրենսգրքում փոփոխություն, որը հնարավորություն է տվել բանկերին ներել պատերազմում զոհված, անհետ կորած, հաշմանդամություն ստացած անձանց և նրանց հարազատներ վարկերը՝ առանց հավելյալ հարկային պարտավորություններ ստանձնելու:

«Այս պահին, իմ ունեցած տեղեկություններով, մոտ 3 մլրդ, հնարավոր է՝ արդեն ավել, վարկային պարտավորություններ ներվել են բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից»,- ասաց նախարարն ու չբացառեց նաև որոշ դեպքերում թերացումները:

Ըստ նրա՝ այդ թերացումների հիմքում հնարավոր է ընկած լինի նաև տեղեկատվության բացակայությունը: Նախարարը վստահեցրեց, որ ՊՆ-ն Կենտրոնական բանկի միջոցով բանկերին պատշաճ փոխանցել է զոհված զինծառայողների, նաև վիրավորում ստացած անձանց տվյալները: Համակարգային առումով նա խնդիրներ չի տեսնում՝ չբացառելով թերացումները:

ՀՀ ազգային ժողովը հոկտեմբերի 21-ին ընդունել էր կառավարության կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով հնարավորություն է ընձեռվում, որ բանկերն ու վարկային կազմակերպությունները կարողանան առանց հարկային հետևանքներ կրելու ներել ռազմական գործողություններում զոհված, անհետ կորած կամ հաշմանդամություն ձեռք բերած անձանց և նրանց հետ փոխկապակցված անձանց որոշակի շրջանակի վարկային պարտավորությունները:

Այսպիսով, այն բանկերն ու վարկային կազմակերպությունները, որոնք կներեն պատերազմում զոհված, անհետ կորած ու հաշմանդամ դարձած անձանց ու նրանց հետ փոխկապակցված անձանց վարկերը, կազատվեն որոշ հարկային պարտավորություններից։ Փոխկապակցված անձինք են համարվում ամուսինը, համատեղ ապրող ծնողները և համատեղ ապրող զավակները: Սա հնարավորություն է բանկերի ու վարկային կազմակեպությունների համար ներելու վարկային պարտավորությունները, սակայն օրենքով չի կարող դա պարտադրվել:  

Նմանատիպ նյութեր