211652_close_icon
views-count1039 դիտում article-date 10:01 06-04-2021

ՍԴ-ն քննության է ընդունել Արմեն Սարգսյանի դիմումը․ հայտնի է առաջին նիստի օրը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Սահմանադրական դատարանը քննության է ընդունել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի սահմանադրականությունը որոշելու հարցը:

Հիշեցնենք, որ այս հարցով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարան էր դիմել մարտի 10-ին: Եվ, ահա, Սահմանադրական դատարանը որոշել է դիմումն ընդունել քննության և որոշել օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը:

Արմեն Սարգսյանի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ ասվում էր. «Դիմումի ներկայացումը պայմանավորված է նաև նշված օրենքի իրավակիրառ պրակտիկայում առկա խնդիրներով, որոնք առավել ակնհայտ դարձան Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վարչապետի նախաձեռնության և դրան հաջորդած սահմանադրական իրավական գործընթացների արդյունքում: Ներկայացված դիմումով Սահմանադրական դատարանի որոշումները և ձեռնարկվող հնարավոր միջոցները կարող են լրջագույն ազդեցություն ունենալ մինչև այժմ ընդունված որոշումների, ստեղծված իրավիճակին առնչվող ներկայիս և հետագա գործընթացների վրա՝ վերը նշված օրենքի մեկնաբանման և կիրառման համատեքստում»: Հավելենք, որ այս գործով առաջին նիստը տեղի կունենա երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ հունիսի 1-ին»»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: 

Նմանատիպ նյութեր