211652_close_icon
views-count1820 դիտում article-date 13:29 05-04-2021

ՃՈ ուժեղացված ծառայություններ մայրաքաղաքում․ հայտնաբերվել են մի քանի տասնյակ խախտումներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովումը ճանապարհային ոստիկանության կարևորագույն գործառույթն է, որն իրականացվում է ամենօրյա հետևողականությամբ։ Այս համատեքստում մայրաքաղաքը և մարզերը սպասարկող 1-ին և 2-րդ սպայական գումարտակների, ճանապարհապարեկային ծառայության բաժնի, ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները հանրապետության ողջ տարածքում պարբերաբար իրականացնում են ուծեղացված ծառայություններ։ Հերթականը ապրիլի 1-ին էր, Երևանում։

Ճանապարհային ոստիկանության հիշյալ ստորաբաժանումների ծառայողները հայտնաբերեցին ճանապարհային երթևեկության տարբեր կանոնների մի քանի տասնյակ խախտում, որոնց փաստերով կազմվեցին համապատասխան արձանագրություններ։ Պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց 6 մեքենա։ Հայտնաբերվեց հետախուզման մեջ գտնվող 9, առանց ԱՊՊԱ պայմանագրի շահագործվող 16 տրանսպորտային միջոց։

Ապրիլի 2-ին ևս մայրաքաղաքում ուժեղացված ծառայություն իրականացվեց։ Այս անգամ միայն ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողների կողմից։ Ուշադրության կետրոնում էին ճանապարհային երթևեկության կանոնները միտումնավոր խախտած ու երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորած վարորդները։ Արդյունքում մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններից պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց 40 ավտոմեքենա։

Երևանի ճանապարհային ոստիկանների ուշադրության կենտրոնում էր նաև ոչ սթափ վարորդների հայտնաբերումը, որոնք վտանգ են երթևեկության այլ մասնակիցների կյանքի և առողջության համար։ Հայտնաբերվեց տրանսպորտային միջոցն ալկոհոլ օգտագործած վիճակում վարող 6 անձ։ Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։ Վարորդներին հորդորում ենք՝ խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության բոլոր կանոնները։

[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր