211652_close_icon
views-count69920 դիտում article-date 12:26 04-04-2021

Բազմաֆունկցիոնալ շենքի կառուցման նպատակով Երևանում կատարվելու է հաստաբուն ծառերի սպանդ. բնակիչներն ասում էին. «Դուք Երևանը և երևանցիներին չսիրող կաբինետային չինովնիկներ եք, դուք Երևանը տանում եք դեպի մահ.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

 Մինչ Երևանի «մեծն» քաղաքապետ Հայկ Մարությանը կուրծք ծեծելով հայտարարում էր, թե երևանցիներին պետք է հետ վերադարձվի երբեմնի կանաչ Երևանը, Արաբկիր վարչական շրջանում՝ Նաիրի Զարյան  140 հասցեում, մի քանի օր է, սկսվել են  բազմաֆունկցիոնալ շենքի  կառուցման աշխատանքներ:

Այսօր՝ ապրիլի 4-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչները, ովքեր խնդրեցին, որպեսզի իրենց տվյալները չհրապարակվի, ասում էին. «Տևական ժամանակ է, շենքի մի քանի բնակիչներով բողոքներ ենք ներկայացրել Երևանի քաղաքապետարան, բայց ոչ մի արդյունք: ԽՍՀՄ տարիներին այս հատվածը  բնակիչների համար դարձել էր հանգստի վայր:  Տարվա ցանկացած եղանակին այստեղ էինք անցկացնում: Մի քանի սերունդ  է այստեղ իրենց մանկությունն անցկացրել:

Չգիտես, որ մի  ոչ սրտացավ պաշտոնյայի ձեռք է գնացել, որ նման  շինության թույլտվություն է տվել: Միայն կարող ենք ասել, որ այդ պաշտոնյան հաստատ Երևանն ու երևանցիներին չի սիրում: Լսել ենք, որ  Արաբկիրի թաղապետ Արամ Դանիելյանը  տևական ժամանակ պայքարել է թույլտվություն տալու դեմ, բայց դե, երևի թուրը չի կտրել ու հիմա օրեր անց ականատես կլինենք, թե ինչպես են խաղահրապարակն ու այնտեղ գտնվող 50, 60, 70 տարեկան ծառերը, այդ թվում՝ բարդիներ ու եղևնիներ քոքից վերացվում:

Հետո էլ ասում են, թե նախորդները վատն էին: Դուք նախորդներից տվեցիք, անցաք: Դուք ոչ միայն հայրենիքը չկարողացաք պահել, այլև մայրաքաղաքի կանաչ զանգվածներն եք ոչնչացնում, տեղը կառուցելով բետոնե քարե շենքեր:

Սա՞ էր ձեր պայքարը: Եթե սա եք համարում պայքար, ապա  Աստծուց գտնեք:
Մեր մատղաշ երեխեքին չենք իմանում հիմա որտեղ տանենք զբոսանքի: Ձեր դուրը գալի՞ս է ձեր արածը:

Դուք Երևանը չեք սիրում, դուք Երևանը կամաց-կամաց գցում եք մահվան ճիրանների մեջ:  Հույս էլ չունենք, որ  հրապարակումը տեղ կհասնի, դրանք իրենց ուղեղներին զոռ կտան ու իրենց այդ սև գործը չեղյալ կհայտարարեն, այն է՝  նորից խաղահրապարակը կբերեն նախկին տեսքի, թեպետ  էլի ենք ասում՝ սրանք հայրենիքն ատող չինովնիկներ են»:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ  բազմաֆունկցիոնալ շենքի կառուցապատողն է «ԼԻԲՐԵՅԹ» ՍՊԸ-ն, կապալառուն՝ «Մոոլիտիկ Բիլդինգ» ՍՊԸ-ն, հեղինակային հսկողությունը՝ «Արսթայլ» ՍՊԸ-ն, տեխնիկական հսկողությունը՝ «ԴԱԳԱ» ՍՊԸ-ն, շինարարական թույլտվությունը՝  N01/18-22099-389 տրված 17. 03. 2021թ. , իսկ շինարարության ժամկետը 36 ամիս է:

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր