211652_close_icon
views-count1656 դիտում article-date 18:54 01-04-2021

Արցախի նախագահը կեղծ օրակարգ է որակել Կարմիր Շուկան հանձնելու մասին տեղեկությունները

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը կոշտ քննադատության է ենթարկել Կարմիր Շուկա բնակավայրը հանձնելու թեմայի շրջանառումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Մարտունու շրջանի վարչակազմի և բնակիչների հետ հանդիպմանն Արայիկ Հարությունյանը այդ լուրերը կեղծ է համարել:

«Կարմիր Շուկայի վերաբերյալ յուրաքանչյուր կեղծ, սադրիչ նյութեր բազմացնելով ու տարածելով՝ ներքին թշնամինները խաթարում են երկրի անդորրը՝ չհասկանալով, որ դրանով հերթական հոգեբանական ճնշումն ու վիրավորանք են գործադրում: Հայաստանում այդ կեղծ թեման տարածող ցանկացած քաղաքական գործիչ՝ կեղծ հայրենասիրական օրակարգով, ինքնահաստատման համար փորձում է մեղադրել մեզ՝ իբր մենք պատրաստվում ենք ինչ-որ նպատակներով, ինչ-որ գործարքներ իրականացնել: Նախ ուզում եմ այդ կեղծ հայրենասերներին հարցնել՝ ու՞ր էին, երբ պատերազմի ժամանակ Կարմիր Շուկան ավելի քան 15 օր վտանգված էր, և հակառակորդն ամեն վայրկյան փորձում էր զավթել գյուղը: Չեմ ուզում ներկայացնել՝ քանի անգամ եմ այդ օրերին եղել Կարմիր Շուկայում, օրական քանի անգամ էի  կապ հաստատում նրա պաշտպանության պատասխանատուների՝ Արցախի հերոս Արարատ Մելքումյանի հետ: Մենք Կարմիր Շուկայում սկսել ենք 150 տուն կառուցել, իսկ այդ մարդիկ մեզ մեղադրում են այդ բնակավայրը հանձնելու համար: Այդ թեման փակված է: Չի էլ բացվել»,- ընդգծել է Արցախի նախագահը՝  նշելով, որ ընդհանուր առմամբ, որևէ փուլում,  որևէ ստվերային համաձայնություն չի լինելու:

«Մենք ունենք հստակ օրակարգ: Այն է՝ շարունակել պայքարը հանուն անկախության, որի ճանապարհից հետնահանջ չենք ունենալու: Քաղաքական ճանապարհով շարունակելու ենք պայքարը՝ ԼՂԻՄ-ի տարածքը վերադարձնելու համար:  Շարունակելու ենք պայքարել մեր երկիրն ամրապնդելու և զարգացնելու համար»,-ասաց Արցախի Հանրապետության նախագահը՝հավելելով, որ փուլ առ փուլ շարունակվելու է  երկրի ամրապնդումն ու զարգացումը՝ նոր օրակարգով, ծրագրերով և ճանապարհային քարտեզով:

 

Նմանատիպ նյութեր