211652_close_icon
views-count1757 դիտում article-date 13:47 01-04-2021

«Պատկերացնում եմ` ինչ էր նա զգում` ապրելով մինչ այն օրը, երբ Շուշին առանց մարտի կհանձնեն թշնամուն». Լապշինը գրառում է արել ի հիշատակ Կոմանդոսի

Իսրայելցի բլոգեր Ալեքսեյ Լապշինն անդրադարձել է Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի՝ Կոմանդոսի մահվան մասին լուրին` իր ափսոսանքն արտահայտելով գեներալի վախճանի առնչությամբ:

«Տխուր օր է: Այսօր վախճանվել է լեգենդար հայ գեներալ Արկադի Տեր-Թադևոսյանը, որը ճակատագրի հեգնանքով ղեկավարել էր Շուշի քաղաքի գրոհը Լեռնային Ղարաբաղում: Պատկերացնում եմ` ինչ էր նա զգում` ապրելով մինչ այն օրը, երբ այդ քաղաքն առանց մարտի կհանձնեն թշնամուն:

Ինձ բախտ է վիճակվել ճանաչել Արկադի Տեր-Թադևոսյանին, տեսնվել էինք բառացիորեն անցյալ շաբաթ` անցած Ղարաբաղյան պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված միջոցառման ժամանակ: Մենք նրա հետ նստած էինք սեղանի շուրջ, տեսանյութում 2:05 րոպեն (2 րոպե 5 վայրկյան): Այնուհետև միասին այցելել ենք մեկ այլ սպայի, այնտեղ շփվել ենք: Արկադին բավականին հոգնած տեսք ուներ: Սակայն չէի կարող պատկերացնել, որ հեռախոսով արված այդ սիրողական տեսանյութը կդառնա վերջինը»,- գրել է Լապշինը:

Հիշեցնենք, որ 81 տարեկանում կյանքից հեռացել է Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը:

Արկադի Հովհաննեսի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը, ծնվել էր 1939 թվականի մայիսի 22-ին Թբիլիսիում: Ավարտել է Բաքվի զինվորական ուսումնարանը, այնուհետև՝ Լենինգրադի տրանսպորտի և թիկունքի ռազմական ակադեմիան:

1988 թվականից միացել է Արցախի ազատագրման պայքարին և ակտիվ մասնակցություն է ունեցել կամավորականների զինվորական մարզման գործում։ 1990 թվականին դարձել է «Սասունցի Դավիթ» կամավորական ջոկատի անդամ։ 1991 թվականին նշանակվել է ՀՀ պաշտպանության կոմիտեի արտազինվորական պատրաստության բաժնի պետ։ 1991 թվականի հոկտեմբերի 30-ին Արցախի նորաստեղծ ինքնապաշտպանական ուժերը Տեր-Թադևոսյանի հրամանատարությամբ իրականացված ռազմագործողության շնորհիվ ազատագրեցին ռազմավարական մեծ կարևորություն ունեցող Հադրութի շրջանի Տող գյուղը։ 1992 թվականի մայիսին ակտիվ մասնակցություն է ունեցել Շուշի քաղաքի ազատագրման ռազմագործողության նախապատրաստման աշխատանքներին։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր