211652_close_icon
views-count1630 դիտում article-date 12:25 01-04-2021

Պետբյուջեի եկամուտներն առաջին եռամսյակի տվյալներով գերակատարվել են ավելի քան 20 մլրդ դրամով․ Նիկոլ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստի մեկնարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ պետական բյուջեի եկամուտներն առաջին եռամսյակի տվյալներով գերակատարվել են ավելի քան 20 մլրդ դրամով, և առևտրի շրջանառությունը առաջին եռամսյակի տվյալներով և մարտ ամսվա տվյալը՝ առանձին վերցրած, էական աճ է արձանագրել։

ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը ներկայացրեց տվյալները՝ նշելով, որ դիտարկվել են ինչպես ամսական՝ մարտ ամսվա, այնպես էլ եռամսյակային տվյալները։

«Առևտրաշրջանառության և կատարված գործարքների մասով մարտ ամսվա ընթացքում նախորդ տարվա նույն ամսվա համեմատ հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոններով և հաշվարկային փաստաթղթերով կատարված գործարքների քանակն ավել է 8 մլն 647 հազար հատով, որի գումարային արտահայտության տարբերությունը անցյալ տարվա նկատմամբ կազմում է 122 մլրդ դրամ։ Եռամսյակային կտրվածքով իրացման շրջանառության տարբերությունը 116,8 մլրդ դրամ է, գործարքների քանակով՝ 6 մլն 200 հազար հատ»,- ասաց ՊԵԿ նախագահը։

Ինչ վերաբերում է հարկային եկամուտների հավաքագրումներին, Հովհաննիսյանը նշեց, որ Կառավարության որոշմամբ սահմանված եռամսյակային համամասնությամբ առաջին կիսամյակի համար սահմանված է եղել 305 մլրդ դրամ, փաստացի հավաքագրված հարկային եկամուտները կազմել են 332,9 մլրդ դրամ։

«Դրամական տարբերությունը 27,9 մլրդ դրամ է, սակայն, հաշվի առնելով, որ 332,9 մլրդ դրամի մեջ ներառված են նաև դրոշմանիշային վճարների գծով մուտքերը, որոնք կազմել են 5,6 մլրդ դրամ, և նախատեսելով հետագայում առաջին եռամսյակի պլանի ճշտման հավանական հնարավոր չափը, որը կկազմի 310,6 մլրդ դրամ, ապա հարկային եկամուտների գերակատարման փաստացի արդյունքը կազմելու է 22,3 մլրդ դրամ»,-ընդգծեց Հովհաննիսյանը։

Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց, թե քանի որ բյուջեի հարկային եկամուտները պլանավորվածից գերակատարվել են 22,3 մլրդ դրամով՝ առաջին եռամսյակի արդյուքներով, Ֆինանսների նախարարությունն առաջարկում է պետական բյուջեի եկամուտների կանխատեսումն ավելացնել 40 մլրդ դրամով։

Նմանատիպ նյութեր