17-ամյա աշակերտը, ով կասկածվում է Գյումրիում 26-ամյա տղային սպանելու մեջ, կալանավորվեց և տեղափոխվեց «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավորը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է քննչական մարմնի միջնորդությունը և Դավիթ Վ-ն, ով կասկածվում է մարտի 27-ին Գյումրիում Երևանյան խճուղու թիվ 135 Ա շենքի բնակիչ՝ 26-ամյա Գևորգ Դադրանյանին սպանելու մեջ, կալանավորվեց և տեղափոխվեց ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 29-ին Ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները՝ վարչության պետ Արամ Ղազարյանի, Ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ Կումայրիի բաժնի պետ Արամ Ղարիբյանի, Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Արթուր Հակոբյանի գլխավորությամբ, ՀՀ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության աշխատակիցները՝ վարչության պետ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ, համագործակցելով Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչների հետ, վարչության պետ Աղասի Իսահակյանի գլխավորությամբ ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ պարզել էին մարտի 27-ին Գյումրիում, Երևանյան խճուղում, թիվ 135 Ա շենքի բնակիչ՝ 26-ամյա Գևորգ Դադրանյանի սպանությունը կատարողի ինքնությունը։
Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, ոստիկանների և քննիչների կողմից կատարված բացատրական աշխատանքի արդյունքում Կումայրիի Ոստիկանության բաժին էր ներկայացել Երևանի բնակիչ՝ 17-ամյա Դավիթ Վ-ն, ով խոստովանել էր, որ սպանությունը կատարել էր ինքը՝ իր մոտ եղած դանակով։
Շիրակի մարզի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Դավիթ Վ-ն ներկայացրել էր նաև հանցագործության գործիք դանակը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի