211652_close_icon
views-count1337 դիտում article-date 14:44 29-03-2021

Միջազգային կառույցները գնալով համոզվում են, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում. ԱԳ նախարար

ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանի կարծիքով՝ միջազգային կառույցները, երկրները, տեսնելով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային արժեքների ոչնչացումը, հայ գերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքը, գնալով համոզվում են, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Այվազյանն այս մասին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում:

Նախարարի կարծիքով՝ Արցախի պատերազմը մեկ անգամ ևս ի ցույց դրեց մի շատ պարզ իրողություն, որը ի սկզբանե ասվում էր, բայց տարիների ընթացքում տարբեր պատճառներով մոռացության էր մատնվել: Այվազյանը վստահ է, որ այս ագրեսիայից հետո այն երկրների և անձանց համար, որոնք ուզում էին հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել, հստակեցվել է՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լոկ տարածքային վեճ չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև:

«Սա մի այլ նոր ցեղասպան ծրագրի իրականացման կանխարգելման մասին է: Հիմա, երբ տարբեր միջազգային կառույցներ, երկրներ ականատես են լինում, թե Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում ինչպես է իրականացվում լիակատար հայաթափությունը, ինչպես է մեր պատմամշակութային ժառանգությունը ոչնչացվում, բնաջնջվում, ինչպես են անմարդկային վերաբերմունքի ենթարկվում հայ գերիները, նրանց մոտ, կարծեմ, գնալով ավելի հասունանում է այն համոզմունքը, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Եթե այն լինի Ադրբեջանի կազմում, նշանակում է Արցախ՝ առանց հայության: Սրա մասին է մեր պայքարը: Եվ կարծում եմ՝ գնալով այդ իրականությունը ամրագրվում է միջազգային հանրության մոտ»,-ասաց նախարարը:

Ինչ վերաբերում է ապագա աշխատանքներին և պետական ու ազգային օրակարգը առաջ տանելուն՝ նա նշեց, որ անկախ ներքաղաքական զարգացումներից՝ ԱԳ նախարարությունը և ողջ համակարգը շարունակել են իրենց բնականոն աշխատանքը:

Ադրբեջանը թե պատերազմի ընթացքում, թե հրադադարի հաստատումից հետո թիրախավորել է հայկական պատմամշակութային, կրոնական ժառանգության նմուշները: Պատերազմի ընթացքում Ադրբեջանը երկու անգամ հրթիռակոծել էր Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին: Պատերազմի ավարտից հետո ադրբեջանցիները նախ պղծել, ապա հիմնահատակ վերացրել են Մեխակավանի հայկական Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին: Նրանք ավերել են նաև Շուշիի «Կանաչ ժամ» ժողովրդական անվանմամբ հայտնի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին: Մարտի 27-ին տեսանյութ տարածվեց՝ փաստելով՝ Ադրբեջանցի զինվորները պղծել են Արցախի Մատաղիսի Սբ Եղիշե եկեղեցին:

Նմանատիպ նյութեր