211652_close_icon
views-count41069 դիտում article-date 15:27 27-03-2021

Խոշոր ավտովթար Դիլիջանի ոլորաններում. ճանապարհի մերկասառույցի պատճառով Nissan-ը հայտնվել է ձորակում. կան վիրավորներ. օպերատիվ են գործել Դիլիջանի հիվանդանոցի բժիշկները, փրկարարներն ու ճանապարհային ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մարտի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։

Ժամը 08։10-ի սահմաններում Աշտարակի բնակիչ՝ 42-ամյա Սերգեյ Ատոմյանը իր վարած Nissan մակնիշի ավտոմեքենայով ճանապարհի մերկասառույցի պատճառով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին՝ Դիլիջանի ոլորանում, Կամո փողոցում, կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և հայտնվել ձորակում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևորներ՝ Աշտարակի բնակիչներ, 36-ամյա Ա. Վարդանյանն ու 36-ամյա Ռ. Վարդանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Դիլիջան» բժշկական կենտրոն։

Օպերատիվ են գործել Դիլիջանի հիվանդանոցի բժիշկները։

Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Դիլիջանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Ռուբեն Աղասարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի 

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+

Նմանատիպ նյութեր