211652_close_icon
views-count1043 դիտում article-date 10:43 26-03-2021

Իշխանության և ընդդիմության կեղծ օրակարգերը․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Այն պահից, երբ հայտարարվեց, որ հունիսի 20-ին անցկացվելու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, փոխվեց Հայաստանի ներքաղաքական օրակարգը: Մի տեսակ «մոռացվեցին» պատերազմում ամոթալի պարտությունը, Արցախի մեծ մասի կորուստը, սահմանամերձ բնակավայրերին սպառնացող վտանգը, զոհերը, վիրավորները, գերիներն ու փախստականները: Քաղաքական դաշտը կենտրոնացավ ընտրությունների, ընտրական օրենսգրքի, կուսակցությունների եւ նրանց մասնակցության վրա:

Քննարկվող թեմաների առաջնահերթությունների այս զարմանալի փոփոխությունն, իհարկե, ձեռնտու է նախեւառաջ իշխանություններին՝ կյանքը շարունակվում է, ասես ոչինչ չի եղել:

Առանձին ոգեւորություն են ապրում մանր իշխանամետ կուսակցությունները, որոնք այս ընտրություններում հնարավորություն են տեսնում մի քանի պատգամավոր խորհրդարան անցկացնելու: Այդ կուսակցությունները, բնականաբար, չեն խոստովանում, որ իշխանամետ են, բայց նրանց մատնում է հռետորաբանությունը: Ո՞րն է իշխանությանը հաճոյանալու լավագույն ձեւը: Դե, բնականաբար, «նախկիններին» հայհոյելը, «նախկինների» դիակը ինչ-որ մի հեռավոր «չուլանից» հանելը ու արդար ցասման ողջ ուժով դրան հարվածելը՝ այն հույսով, որ վարչապետը դա կգնահատի եւ մի քանի մանդատ կնվիրի:

Այդ կուսակցությունները նաեւ «քննադատելու» են իշխանությանը, եւ արդեն կանխատեսելի է, թե ինչի համար: Կասեն՝ պետք էր բոլոր դատավորներին, որոնք աշխատում էին մինչեւ 2018 թվականը, գործից հանել եւ նշանակել «հեղափոխությանը հավատարիմ» դատավորներ, վաղուց պետք էր ձերբակալել եւ երկար ժամկետով ազատազրկել Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին եւ էլի մի քանի «նախկինի», պետք էր հարուստներից իրենց ունեցվածքը եւ, մասնավորապես, դղյակները խլել ու այդ փողով զենք գնել, պետք է փակել բոլոր ընդդիմադիր լրատվամիջոցները եւ այլն: Ինձ թվում է, այս բոլոր առաջարկները «ժողովրդի սրտով» են, եւ չեմ բացառում, որ Փաշինյանը «խոնարհաբար» կընդունի այդ քննադատությունը, կասի՝ «Այո, սիրելի բարեկամներ, ես չափից դուրս բարի էի եւ ժողովրդավար, բայց իմ հաջորդ ժամկետում ավելի վճռական կլինեմ: Վե՛րջ թավիշին»: 

Ամբողջ խնդիրն այն է, որ իշխանական-լյումպենական այս օրակարգը բացարձակապես կապ չունի Հայաստանի առջեւ կանգնած մարտահրավերների հետ, որոնք իրականում պայմանավորված են պատերազմում կրած պարտության հետ: Բայց ավելի ցավալի է, որ ընդդիմության նախընտրական օրակարգը, թեեւ անվանապես կապված է այս մարտահրավերների հետ, իրականում բավականին հեռու է դրանցից, քանի որ հիմնված է «դավաճանության» եւ «դավադրության» վարկածի վրա: Պնդելով, որ Փաշինյանը վերելակում պայմանավորվել է Ալիեւի հետ Արցախը հանձնելու մասին, ընդդիմությունն այսպիսով շրջանցում է կառավարության ճակատագրական սխալները ներքին եւ արտաքին քաղաքականության ասպարեզում: Իսկ, քանի որ իրական սխալների մասին չի խոսվում, ոչ մի երաշխիք չկա, որ ընդդիմադիր գործիչները, գալով իշխանության, նույն սխալները չեն անի:

Պակասում է սառը, պրագմատիկ, պիտակները եւ պոպուլիզմը մերժող մոտեցումը: Դեռեւս հույսս չեմ կորցրել, որ որեւէ մեկն այդ մոտեցումը կցուցաբերի»:

Ամբողջությամբ՝ թերթի ասյօրվա համարում։

Նմանատիպ նյութեր