211652_close_icon
views-count1618 դիտում article-date 14:01 25-03-2021

Համայնքային ճանապարհները պետք է պատշաճ կահավորված լինեն ճանապարհային նշաններով

Առաջին ընթերցմամբ քննարկվեց պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի հեղինակած ««Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին»  օրենսդրական նախաձեռնությունը:  Այն նպատակ ունի հանրապետության համայնքներում, բացառությամբ Երեւան քաղաքի, կարգավորել ճանապարհային երթեւեկության ոլորտում առկա խնդիրները:

Առաջարկվում է վերաշարադրել օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետը: Մասնավորապես, հստակեցվում է՝ որ մարմինն է պատասխանատու լինելու համայնքում ճանապարհային նշանների առկայության կամ դրանց բացակայության համար:

Ըստ վիճակագրության՝ 2019 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2020 թվականի մարտի 5-ը հանրապետությունում տեղի է 5481 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետեւանքով զոհվել է 386, մարմնական վնասվածքներ ստացել 7827 մարդ: Վթարների մի մասը տեղի է ունեցել ճանապարհային երթեւեկությունն ապահովող ճանապարհային նշանների բացակայության պատճառով:

Վաղարշակ Հակոբյանն ասաց, որ որոշ գյուղական համայնքներ թեեւ չունեն ֆինանսական խնդիրներ, սակայն այնտեղ բացակայում են ճանապարհային նշանները, քանի որ պարզապես  հստակեցված չէ պատասխանատու մարմինը:

ԱԺ գլխադասային հանձնաժողովը եւ Կառավարությունը  նախագծին տվել են  դրական եզրակացություններ:

Ելույթ ունեցած պատգամավորները կարեւորեցին նախագծի ընդունումը՝ նկատի ունենալով ճանապարհատրանսպորտային պատահարների մեծ թիվը,  որոնց մի մասը տեղի է ունենում հենց ճանապարհային նշանների բացակայության պատճառով:

Ընդունվեցին նաեւ նախորդ օրը քննարկված բոլոր օրինագծերը:

Սպառելով օրակարգը՝ խորհրդարանն ավարտեց հերթական նիստերի աշխատանքը:

Նմանատիպ նյութեր