211652_close_icon
views-count1413 դիտում article-date 15:46 23-03-2021

Արցախի դատախազությունը մտահոգություն է հայտնել ինքնասպանության դեպքերի վիճակագրության վերաբերյալ

Արցախի դատախազության կողմից՝ վերջին 5 տարիներին արձանագրված ինքնասպանության և ինքնասպանության փորձի դեպքերի վերաբերյալ ուսումնասիրության վերլուծությունը ցույց է տվել, որ տարվա երկրորդ և վերջին եռամսյակներում նկատվում է նման դեպքերի թվի աճ:

Այս մասին տեղեկացնում են Արցախի գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:    

«Հատկապես առավել մտահոգիչ ակտիվություն է նկատվում հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող անձանց շրջանում: Ընթացիկ ամիսն արդեն աչքի է ընկել նման դեպքերի թվի աճով, ինչը մտահոգիչ է:

Արցախյան վերջին պատերազմը իր հետ բերել է բազմաթիվ արհավիրքներ, որոնք մարդկային կյանքեր խեղելուց և խլելուց զատ նաև լրջագույն ազդեցություն են ունեցել մարդկանց հոգեկան առողջության վրա, հասարակությունը և անհատը դարձել են առավել հուզական, դյուրագրգիռ, զգայուն:

Այդպիսի զգացմունքները հաճախ զուգակցվում են այս կամ այն հարցի, խնդրի կապակցությամբ որոշումների ընդունման հրատապությամբ` հղի լինելով անդառնալի հետևանքներով:

Այս առումով բավականին կարևոր նշանակություն ունի հետպատերազմյան հասարակության հետ հոգեբանների խմբի աշխատանքը, որը նախաձեռնվել էր Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության և արտասահմանյան մի խումբ հոգեբան-կամավորականների կողմից, սակայն պարբերաբար արձանագրվող դեպքերն ու իրադարձությունները վկայում են դրանց ծավալների ընդլայնման, շահառուների առաջնահերթությունը որոշելու մոտեցումների վերանայման, անհատական աշխատանքների կազմակերպման անհրաժեշտության մասին»,-մասնավորապես նշված է դատախազության հաղորդագրության մեջ՝ խնդրի արդյունավետ լուծման տեսանկյունից կարևորելով  յուրաքանչյուրի գործուն մասնակցությունն ու անտարբեր չգտնվելը՝ տարբեր պատճառներով հոգեկան անկայուն վիճակում հայտնված, ինքնավնասման մտքեր արտահայտող հայրենակիցների նկատմամբ:

Նմանատիպ նյութեր