211652_close_icon
views-count1527 դիտում article-date 12:16 23-03-2021

Էլեկտրոնային աճուրդների կազմակերպման համար կստեղծվի օրենսդրական դաշտ

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Իմ քայլի» պատգամավորների ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է կարգավորել էլեկտրոնային աճուրդի կազմակերպիչների գործունեությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝«Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ նիստում ներկայացրեց համահեղինակ Արտակ Մանուկյանը:

Նրա խոսքով՝ այդ օրենքի նախագծի գաղափարը եկել է բիզնես հատվածից: Ըստ Մանուկյանի՝ Հրապարակային սակարկությունների օրենքի առնչությամբ կան մի շարք խնդիրներ:

«Մենք առաջարկում ենք, որ էլեկտրոնային հարթակները կիրառություն գտնեն: Կարծում եմ, որ կորոնավիրուսով պայմանավորված՝ մենք նման գործիքակազմերը պետք է հնարավորինս ընդլայնենք: Այս առումով աճուրդի կազմակերպիչների գործունեությունն ենք ըստ էության փորձում կանոնակարգել»,- ասաց Մանուկյանն ու կարծիք հայտնեց, որ դրանով նոր պատուհան են բացում բիզնես հնարավորությունների համար:

Սահմանվում է, որ լուծարվող իրավաբանական անձի գույքի վաճառքի դեպքում վարձատրության չափը առաջարկողի եւ աճուրդի կազմակերպչի միջեւ կնքված պայմանագրով չի կարող գերազանցել վաճառվող գույքի մեկնարկային գնի տասը տոկոսը: Էլեկտրոնային համակարգերի միջոցով կազմակերպվող սակարկությունների եւ հարկադիր աճուրդների պարագայում վարձատրություն եւ/կամ դրա մասով նվազեցում չի նախատեսվում:

Լրամշակված տարբերակում բազմաթիվ առաջարկներ են տեղ գտել:

Գլխադասային հանձնաժողովի անդամ Ծովինար Վարդանյանը նշեց, որ շատ կարևոր նախաձեռնություն է, այն է՝ էլեկտրոնային աճուրդների կազմակերպման համար օրենսդրական դաշտի ստեղծում:

Նմանատիպ նյութեր