211652_close_icon
views-count1877 դիտում article-date 18:04 19-03-2021

Հայ ըմբիշները օլիմպիական վարկանիշային ստուգատեսում հիանալի քննություն բռնեցին

Միանգամից ասենք, որ Բուդապեշտում անցկացվող  ըմբշամարտի եվրոպական երկրների պատվիրակների մասնակցությամբ օլիմպիական վարկանիշային ստուգատեսում  հիանալի քննություն բռնեցին հայաստանցի ազատ ոճի վարպետները: Գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի  սաներից երկուսն արժանացան Տոկիո մեկնելու պատվին: Ճիշտ է, նրանք դեռևս չեն ավարտել իրենց մրցելույթները և այսօր պետք  է գոտեմարտեն եզրափակիչի մրցակիցների դեմ:

Առաջինը ցանկալի վարկանիշին արժանացավ Եվրոպայի չեմպիոն, մասիսցի  Արսեն Հարությունյանը / 57 կգ /: Նա հաջորդաբար հաղթեց բելառուսցի փորձառու ըմբիշ, 2013թ. աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Վլադիսլավ Անդրեևին, վրացի Բեկա Բուջիաշվիլուն, իսկ կիսաեզրափակիչում՝  Եվրոպայի և աշխարհի առաջնությունների մրցանակակիր, ուկրաինացի Անդրեյ Յացենկոյին: Վերջինին մասիսցի 21-ամյա Արսենը  հաղթեց ժամանակից շուտ ՝ 10 : 0 հաշվով և մտավ եզրափակիչ:

Վճռական փուլում մեր ըմբիշի մրցակիցն է  բուլղարացի հեղինակավոր, 27 –ամյա Գեորգի Վանգելովը: Տարիքն արդեն վկայում է նրա փորձառու լինելու մասին: Նա աշխարհի, Եվրոպայի առաջնությունների և գավաթի խաղարկությունների բազմակի մրցանակակիր է:

Մեր թիմից առաջին տեղի համար պայքարի մասնակից է նաև արտաշատցի Վազգեն Թևանյանը / 65 կգ /: Նա  կմրցի չափազանց ուժեղ մրցակցի՝ աշխարհի և  Եվրոպայի եռակի չեմպիոն, օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Հաջի Ալիևի հետ: Մինչ այս աշխարհի գավաթակիր, 21 –ամյա  Վազգենը հաջորդաբար գետնել է  աշխարհի ու Եվրոպայի փոխչեմպիոն, բուլղարացի Վլադիմիր Դուբովին, Եվրոպայի փոխչեմպիոն, բելառուսցի   Նյուրգուն Սկրյաբինին և  . . .  օլիմպիական չեմպիոն, վրացի Վլադիմիր Խինչիգաշվիլուն, իսկ կիասաեզրափակիչում ՝  աշխարհի գավաթակիր և Եվրոպայի չեմպիոն, Լեհաստանը ներկայացնող  Մագոմեդմուրադ Գաջիևին:

Նորընծա օլիմպիականների մասին կարծիք հարցրինք վաստակավոր մարզիչ, Սիդնեյի օլիմպիական խաղերի հինգերորդ մրցանակակիր Արշակ Հայրապետյանից: Նա երկու ըմբիշներին էլ բարձր գնահատական տվեց, ասաց, որ  նույն տարիքի տղաներ են, պատանեկան և երիտասարդական մեր թիմերում միասին են մեկնել մրցուղերթների, մասնակցել հավաքների, մի խոսքով՝  միասին են աճել:

Հաղթողի ելքի հարցում մասնագետն առավել մտահոգ էր Վազգենի համար, քանզի նա չափազանց դժվարին հաղթանակներով է հասել եզրափակիչ, որտեղ դարձյալ , համոզված է, որ գոլեցյանական դպրոցի սանը տղամարդավարի կգոտեմարտի:

Զրուցակիցը վերջում նշեց, որ մեր հավաքականի արդյունքը բարձր պետք  է գնահատել և կարևորել գլխավոր մարզիչ,  վաստակաշատ Հաբեթնակ Կուրղինյանի և նրա ղեկավարած մարզչական կազմի աշխատանքը:

Հավելենք, որ  մեր ըմբիշներից  Հրայր Ալիխանյանին / 74 կգ / և  Հովհաննես Մխիթարյանին  / 86 կգ  / այս ստուգատեսում  չհաջողվեց նվաճել օլիմպիական ուղեգիր:

Նմանատիպ նյութեր