211652_close_icon
views-count2490 դիտում article-date 12:28 19-03-2021

Մնում է հասկանալ՝ ով է լինելու ԲԴԽ ձեր սրտի նախագահը, որ այս սև գործը կատարելու է դատարանների նկատմամբ. Անի Սամսոնյանը՝ «Իմ քայլի» նախագծի մասին. Tert.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այս նախագծով Դուք փորձ եք անում Բարձրագույն դատական խորհրդին օժտել լիազորություններով՝ միջամտելու դատավորների աշխատանքին:

Ինչպես հաղորդում է Tert.am-ը, այս մասին այսօր Ազգային ժողովում, դիմելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի հարցի զեկուցող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:

«Եվ այդ լիազորությունը տալիս եք իրավական անորոշ ձևակերպումներով, որը հնարավորություն է տալու ԲԴԽ-ին հայեցողաբար վերաբերել դատավորների աշխատնաքին: Ուզում եմ՝ անկեղծ պատասխանեք, և ուզում եմ հասկանալ՝ մասնագիտական քննարկումների արդյունքո՞ւմ եք հասել այս նախաձեռնությանը, թե քաղաքական որոշում ունեք, որ պետք է այստեղ կատարեք, մեզ էլ հավաքել եք, որ մենք լսենք՝ ինչպես եք կյանքի կոչում ձեր քաղաքական որոշումը՝ վերջ դնելու դատարանների անկախությանը»,-ասաց նա:

Հարցի զեկուցող Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ մինչ այս փոփոխությունը կարգապահական պատասխանատվության հարց կարող էր բարձրացնել Արդարադատության նախարարությունը: «Այս նախագծով առաջարկում ենք, որ քաղաքացին, ում նկատմամբ տեղի է ունեցել կարգապահական խախտում, իր մասնակցությամբ ընթացած նիստի ժամանակ անմիջական դիմի ԲԴԽ-ին, ո՞րն է այս քայլի հակաժողովրդավարությունը»:


Անի Սամսոնյանը, շարունակելով, ասաց, որ եթե սա մասնագիտական քննարկումների արդյունք է, ապա մասնագիտական մոտեցումներով խաթարում են Սահմանադրության պահանջը, որ արդարադատությանը չպետք է միջամտել, իսկ եթե քաղաքական որոշում է, ուրեմն փորձ են անում ԲԴԽ-ի միջոցով ճնշում գործադրել դատարանների վրա:

«Մնում է հասկանալ միայն՝ ով է լինելու Բարձրագույն դատական խորհրդի՝ Ձեր սրտի նախագահը, որ այս սև գործը կատարելու է դատարանների նկատմամբ: Դուք վնաս եք հասցնելու արդարադատությանը՝ Ձեր առօրեական խնդիրները լուծելու համար և ուզում եմ հիշեցնել, որ Ձեր խնդիրները դատարանում չեն, Ձեր խնդիրը փնտրեք Ձեր մեջ»,-ասաց նա:

Վլադիմիր Վարդանյանը, արձագանքելով, ասաց. «Ես չգիտեմ՝ ինչ խնդիրներ ես անձամբ իմ մեջ պետք է փնտրեմ, բայց խոստանում եմ սրա մասին լուրջ մտածել երեկոյան: Բայց անկախ նրանից, թե ով է ԲԴԽ-ի՝ իմ սրտի կամ ոչ իմ սրտի նախագահը, չպետք է մոռանանք, որ ԲԴԽ-ն կոլեգիալ մարմին է: Կներեք, եթե մենք այսպիսի վերաբերմունք ունենք կոլեգիալ մարմինների նկատմամբ, ուրեմն մենք ոչ մի բան չենք դզելու»,-ասաց նա:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր