211652_close_icon
views-count1860 դիտում article-date 11:23 18-03-2021

Հոգեբանական պաթոլոգիաները սկսել են զարգանալ «ժողովրդի իշխանության» օրոք»․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Անցած տարիների փորձը եւ հատկապես համավարակն ու պատերազմը ստիպեցին շատերիս վերանայել բազմաթիվ գաղափարներ եւ հասկացություններ: Թվարկեմ դրանցից մի քանիսը՝ «համամարդկային արժեքներ», «ժողովրդավարություն», «ազատականություն», «առաջադիմություն-պահպանողականություն», «խաղաղություն», «հաշտություն»․․․:  Չէի ասի, որ այդ բառերն արժեզրկվել են, բայց՝ որ վերաիմաստավորման կարիք ունեն՝ դա հաստատ է:

․․․ Լրացավ «արաբական գարնան» 10 տարին: Ամեն ինչ սկսվում էր որպես պայքար ժողովրդավարության համար: Քադդաֆին եւ Ասադը, իսկ նրանցից առաջ՝ Սադդամ Հուսեյնը բռնապետե՞ր էին: Արեւմտյան չափանիշերի տեսանկյունից՝ անշուշտ: Բայց արդյոք այդ բռնապետական ռեժիմների տապալումից կամ տապալման փորձից շահեցի՞ն այդ երկրների ժողովուրդները: Միանշանակ՝ ոչ: Այդ պետությունները քայքայվել են, մխրճվել են քաղաքացիական եւ տարածաշրջանային պատերազմների մեջ, զոհվել են տասնյակ հազարավոր մարդիկ, աշխարհով մեկ թափառում են հարյուր հազարավոր փախստականներ, ստեղծվել են բազմաթիվ ահաբեկչական բջիջներ: Կարո՞ղ եմ ես մտածել, որ գուցե չարժեր այդ երկրներում փորձել ժողովրդավարություն հաստատել՝ մանավանդ, որ այդ բոլոր աղետներով հանդերձ Իրաքը, Սիրիան եւ Լիբիան ավելի ժողովրդավարական չդարձան:

2018 թվականի գարնանը Հայաստանն ազատվեց փտած, կոռումպացված, ամուլ ռեժիմից: Ուրախալի՞ փաստ է: Այո, իհարկե: Բայց հեղափոխության արդյունքում իշխանության եկավ պատահական մարդ, որը կտրված է իրականությունից, բացարձակապես գլուխ չի հանում պետության ղեկավարումից ու արտաքին քաղաքականությունից եւ երկիրը հասցրեց պատերազմի ու նվաստացուցիչ պարտություն: Ի դեպ, ռեժիմն էլ այդ ամենից հետո, մեղմ ասած, ավելի կենսունակ չդարձավ: Այժմ ես իրավունք ունե՞մ կասկածներ հայտնելու այդ հեղափոխության անհրաժեշտության վերաբերյալ:

Հիմա՝ «խաղաղությունն» ու «հաշտությունը»: Տեսականորեն, այո, պետք է ամեն ինչ անել՝ հարեւանների հետ հաշտություն եզրեր գտնելու համար: Բայց կա մի պարտադիր պայման՝ հարեւաններդ պետք է հաշտվեն քո գոյության հետ այստեղ, այս հողում, ոչ թե ցանկանան քեզ այստեղից, կոպիտ ասած, «լարել»: Նրանք չէին ուզում, որ մենք ապրենք Վանում եւ Բիթլիսում, եւ մենք չենք ապրում, չէին ցանկանում, որ մենք ապրենք Նախիջեւանում, եւ հասան դրան, չէին ուզում, որ մենք լինենք Շուշիում եւ Հադրութում, եւ այդ նպատակն էլ իրագործեցին (շնորհակալություն «ժողովրդի իշխանությանը» եւ այն «ժողովրդին», որն այդ փաստի հանդեպ անտարբեր է): Հիմա նրանք մեզ փաստացի ասում են՝ «թողեք գնացեք Սյունիքից եւ Երեւանից»: Մեզ մնում է երկու տարբերակ. կա՛մ դիմադրել եւ մնալ, կա՛մ ճամպրուկները հավաքել եւ գնալ Կրասնոդարի կամ Գլենդեյլի ուղղությամբ: Դա ամեն մի հայաստանցու ընտրության հարցն է:

Բայց ասել, որ մեր հարեւանները խաղաղասեր են, եւ նրանց հետ այժմ հնարավոր է բարեկամանալ՝ դա արդեն, ինձ թվում է, ինչ-որ հոգեբանական պաթոլոգիաների շարքից է: Երեւի, պատահական չէ, որ այդ պաթոլոգիաները սկսել են զարգանալ հենց «ժողովրդի իշխանության» օրոք»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր