211652_close_icon
views-count1851 դիտում article-date 10:39 17-03-2021

Ամբոխահաճո տգիտությանը պետք է հակադրել գիտելիքը, հիշողությունը, մշակույթը․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Ժողովուրդը վայրենացել է, չի հասկանում, թե ինչ է տեղի ունենում»,- վերջերս ինձ ասաց իմ կողմից ամենահարգված մտավորականներից մեկը: Կարծում եմ, դա իրավիճակի ամենադիպուկ բնութագիրն է: Այստեղ խոսք չի գնում Փաշինյանի եւ նրա թիմի սարքած ավերածությունների մասին՝ դրանք հետեւանքներ են եւ, կարելի է ասել, որոշ չափով «ժողովրդի կամքի» արտացոլումը: Իմ զրուցակիցը վեր է հանում այն արմատը, որտեղից զարգացել է մեզ պատահած աղետը. եթե մեր հասարակության վերաբերմունքն այլ լիներ, այդ աղետն էլ չէր պատահի:

Որո՞նք են վայրենացման պատճառը: Դեռեւս 1930 թվականին իսպանացի փիլիսոփա եւ հրապարակախոս Խոսե Օրտեգա ի Գասեթը գրում էր նման երեւույթների մասին. «Զանգվածը ճնշում է ընդդիմության բոլոր ծիլերը, այն չի ցանկանում լեզու գտնել ոչ մեկի հետ, բացի ինքն իրենից: Նա մահացու ատելություն ունի այն ամենի հանդեպ, ինչը զանգված չէ»: Փիլիսոփան ներկայացնում էր Իսպանիան՝ այն երկիրը, որտեղ իր գրածից 6 տարի անց իշխանության եկավ եւ մինչեւ 1975 թվականը իշխում էր մի մարդ, որի համար Հիտլերն ու Մուսոլինին պետության ղեկավարների անգերազանցելի օրինակներ էին: Արդյոք զանգվածը չէ՞ր, որ այդ երեքին բերել էր իշխանության:

Ժամանակակից հայաստանյան զանգվածը ներկայացնող նիկոլականները՝ իրենց ոչ այնքան հզոր ինտելեկտի եւ ոչ այնքան լայն մտահորիզոնի շրջանակներում այս օրերին «քլնգում են» Տեր-Պետրոսյանին, որը պարզապես արձանագրում է իրենց շեֆի կամ իրենց կուռքի ոչ ադեկվատ եւ աթոռապաշտ լինելը: Իմքայլականները «քլնգում են», զանգվածն ուրախանում է՝ «վախ, ցավդ տանեմ, չոտկեցիր, խզարեցիր, պորտը տեղը դրեցիր»: Բայց եկեք մինչեւ վերջ անկեղծ լինենք՝ ե՞րբ դրվեց նման ոճի հիմքը, ո՞վ էր ասում՝ «ով մեր դեմ է, նա սրիկա է», ո՞ր ցուցակով Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ պատգամավոր դարձավ: Բարեկամներիցս մեկը հարցնում է՝ ինչպե՞ս եղավ, որ 1988-ի որակյալ զանգվածն իր լիդերներով դաստիարակեց անորակ զանգված՝ անորակ լիդերներով: Կարեւոր հարց է՝ արժե դրա մասին մտածել:

Նիկոլականները հիմա «գրքեր են այրում»՝ այդ արտահայտության, իհարկե, փոխաբերական իմաստով. 21-րդ դարի Հայաստանում, հավանաբար, հնարավոր չէ բառացիորեն անել այն, ինչ արվում էր 1930-ականների Գերմանիայում: Բայց հիմքում նույնն է. այսօրվա պայքարը մտքի, գիտելիքի, մտահորիզոնի, լայնախոսության, ամեն մի երեւույթում տարբեր կողմեր եւ երանգներ տեսնելու դեմ է: Որովհետեւ, եթե նրանց ընտրազանգվածը հանկարծ սկսի իր ուղեղն աշխատեցնել, ապա գուցե հրաժարվի «ով Նիկոլին դեմ է, նա սերժառոբական է» բանաձեւից՝ բանաձեւ, որը նպաստում է այսօրվա իշխանության պահպանմանը:

Ի՞նչ է պետք է դրան հակադրել: Խոսքը քաղաքական գործիչների, ընդդիմադիրների մասին չէ՝ քանի որ ես, ճիշտ ասած, չեմ հավատում, որ իշխանափոխությամբ հնարավոր է դուրս հանել մեր երկիրն անդունդից: Եթե մեզանում ժողովրդավարություն է, ապա միֆերով ապրող քաղաքացիների մեծամասնությունը կա՛մ դարձյալ կընտրի Փաշինյանին կա՛մ նրա նման որեւէ մեկին, որը Հայաստանը կտանի նոր աղետների:

Հետեւաբար, քաղաքական պայքարի շրջանակներում մենք այսօր որեւէ առաջընթացի չենք հասնի: Ամբոխահաճո տգիտությանը պետք է հակադրել գիտելիքը, հիշողությունը, մշակույթը՝ այն ինչ մշակված է դարերի ընթացքում: Դարձյալ այլաբանորեն ասած՝ գիրք այրելուն պետք է հակադրել գիրք կարդալը: Հիշո՞ւմ եք Ռեյ Բրեդբերիի վեպը»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր