211652_close_icon
views-count1876 դիտում article-date 09:08 17-03-2021

«Իմ քայլը» շտապում է. ինչու չսպասեցին Վենետիկի հանձնաժողովի կարծիքին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Չնայած ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը մարտի 9-ից շրջանառության մեջ է դրել «Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ անելու մասին» նախագիծը, սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս պահի դրությամբ իշխանությունները դեռևս չունեն Վենետիկի հանձնաժողովի կարծիքը:

Փաստորեն, իշխանական խմբակցությունը հերթական անգամ չի սպասել, որ մասնագիտական հանձնաժողովից եզրակացություն գա, հեղինակավոր այդ կառույցի կարծիքը համարում են միայն խորհրդատվական բնույթի և որոշել են այդպիսի լուրջ փոփոխություններ կատարել՝ առանց նրանց կարծիքին սպասելու: Սակայն գաղտնիք չէ, որ Վենետիկի հանձնաժողովը դեմ է արտահայտվում արտահերթ ընտրությունների շուտ անցկացմանը Ընտրական օրենսգիրք կամ Սահմանադրություն փոխելուց հետո, և առաջարկում են գոնե սպասել վեց ամիս:

Եվ թերևս սա է պատճառը, որ այս անգամ իշխանությունները որոշել են անգամ չսպասել եզրակացությանը և փաթեթը դնել շրջանառության մեջ ու խորհրդարանում քննարկել հարցը առանց դրա:

Սակայն նկատենք, որ առաջարկվող փոփոխություններն էական են. պետք է փոխվի ընտրակարգը, կուսակցությունների և դաշինքների համար անցողիկ շեմը, ընտրագրավը և այլն: Հավելենք, որ նախագիծը մշակվել է հենց «Իմ քայլը» խմբակցության կողմից»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր