211652_close_icon
views-count1960 դիտում article-date 19:34 16-03-2021

Օլիմպիական խաղեր մեկնող ձյուդոյիստների վերջնական ցանկը կհրապարակվի հունիսի 30-ին

Ձյուդոյի միջազգային ֆեդերացիան  / IJF /  հայտարարել է   օրացուցային ծրագրում կատարված փոփոխության մասին: Չեղյալ է հայտարարվել  Փարիզում  մայիսին  նախատեսված  << Մեծ սաղավարտի >>  մրցաշարը։  Օլիմպիական վարկանիշային այդ ստուգատեսը կանցկացվի  Կազանում ՝ մայիսի 5-7-ը։

Մինչ օլիմպիական խաղերի մեկնարկը տեղի կունենան մարզաձևի միջազգային   <<  Մեծ սաղավարտի >>  մրցաշարեր  Թբիլիսիում ՝ մարտի 26 - 28 –ը, Անթալիայում՝ ապրիլի 1 – 3-ը, Կազանում՝ մայիսի 5 -7 –ը, ինչպես նաև Եվրոպայի լիսաբոնյան / ապրիլի 16 –ից / և   աշխարհի բուդապեշտյան  /  հունիսի 6 –  ից / առաջնությունները:

ՌԴ  Օսեթիայի  Վլադիկավկազ քաղաքում  ուսումնամարզական հավաք է անցկացնում Հայաստանի ձյուդոյի թիմը: Գլխավոր մարզիչ, մոտ անցյալի նշանավոր վարպետ Հովհաննես Դավթյանի և նրա օգնական, երիտասարդականի ղեկավար Դավիթ Խաչատրյանի  գլխավորած  ընտրանուց այնտեղ  պարապում է 15 ձյուդոիստ: Հավաքը կավարտվի մարտի 27 –ին, բայց մինչ այդ Թբիլիսի կմեկնեն գլխավոր մարզիչը և մեր առաջատար վարպետ  Ֆերդինանդ Կարապետյանը / 73 կգ /: Հայաստանի պատվիրակը կմասնակցի  հերթական վարկանիշային մրցաշարին: Հաջողության պարագայում Ֆերդինանդը կհարստացնի իր միավորների քանակը և կմեծացնի Տոկիոյի օլիմպիական խաղերի մասնակից դառնալու  հնարավորությունը: Այդպես մտածելու  հիմք է հանդիսանում  մարզաձևի միջազգային ֆեդերացիայի նոր կանոնադրությունը:

Ֆերդինանդ Կարապետյանն այժմ  ունի 1552 միավոր և իր քաշային կարգի  / 73 կգ / վարկանիշային ցանկում 38 - րդն է:  Նոր մրցակարգով,  Տոկիոյի խաղերում,  յուրաքանչյուր քաշային կարգում  կհայտավորվի 18 մարզիկ: Մասնակիցների աշխարհագրությունը ընդլայնելու նպատակով  մայրցամաքային միությունը կհատկացնի ևս 100 տեղ, որից 13 –ը ՝ եվրոպացիներին, և որից երեքը ՝ 73 կգ քաշայիններին: Արժե նշել , որ խաղեր մեկնող թիմերը յուրաքանչյուր քաշային կարգում պետք է ներկայացնեն միայն մեկ ձյուդոիստ: Մինչդեռ որոշ երկրներում Ֆերդինանդից ավելի միավորներ ունեցողներ կան: Բնականաբար նրանցից  միայն մեկը պետք է ներկայանա  իր երկրից ՝ տվյալ քաշային կարգում : Լրացուցիչ այլ պայմաններ նույնպես կան և մանրակրկիտ վերլուծության  արդյունքում, այս պահին, Ֆ. Կարապետյանն  իր քաշային կարգում, ոչ պաշտոնապես, գտնվում է ոչ թե 38 –րդ , այլ ՝ 24 րդ հորիզոնականում:

Չկասկածենք  առաջիկա վարկանիշային մրցաշարերում մեր պատվիրակի  հաջողությանը: Եվ սակայն, օլիմպիական խաղեր մեկնող ձյուդոիստների վերջնական ցանկը կհրապարակվի հունիսի 30 –ին:

Նմանատիպ նյութեր