211652_close_icon
views-count2368 դիտում article-date 10:34 13-03-2021

Փաշինյանը ոչ միայն մասնագիտությամբ դերասան չէ, այլ որևէ մասնագետ չէ. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Քաղաքականությունը՝ որպես գործունեության տեսակ, բանականության ու զգացմունքների միախառնման արտահայտություն է, քանի որ մարդն ինքն է այդպիսին։ Կարևոր է, սակայն, որպեսզի քաղաքականության մեջ այդ բաղադրիչների համամասնությունը չխախտվի հօգուտ որևէ մեկի․ չի կարող լինել արդյունավետ քաղաքականություն՝ հիմնված միայն բանականության վրա, առանց զգացմունքների, և, առավել ևս, քաղաքականությունը չի կարող լինել բարեբեր, եթե դրա առանցքում միայն զգացմունքներ են, առանց բանականության։

Հայաստանում, ցավոք, քաղաքականության այս երկու բաղադրիչների համամասնությունը վաղուց ու, առավել ևս՝ այսօր, խախտված է՝ հօգուտ զգացմունքայնության։ Հայկական քաղաքականության մեջ, լայն իմաստով, բանականությունը, միտքն ու գաղափարը տեղ չունեն, ամեն ինչ հիմնված է էմոցիաների վրա։

2018 թվականի հեղափոխությունն ինքնին ամբողջությամբ զգացմունքների հաղթանակի ու բանականության պարտության արտահայտություն էր։ Դրան հաջորդած շուրջ երեք տարիներին էլ, օբյեկտիվորեն, քաղաքականությունը լցվեց, գրեթե նույնականացավ էմոցիաների հետ։

Այն, ինչ այսօր ներկայանում է՝ որպես քաղաքականություն, ամբողջությամբ զգացմունքների պայքար է։ Դա չափազանց վտանգավոր ու երկրի զարգացման տեսանկյունից դեպի փակուղի տանող իրողություն է։ Որովհետև եթե բանականությունը ծնում է միտք, գաղափար, ծրագիր, հայեցակարգ, ապա զգացմունքներն առաջացնում են սեր կամ ատելություն, համակրանք կամ հակակրանք։

Դա վերաբերում է ոչ միայն հանրային ընկալումներին, այլ հենց քաղաքականության սուբյեկտներին, որոնք՝ որպես հանրային ազդակներին հետադարձ կապ, իրենց գործունեությունը կառուցում են նույն զգացմունքների վրա։

Ընթացիկ քաղաքական գործընթացն իրականում ոչ թե քաղաքական, այլ զգացմունքների պայքար է, մրցակցության հիմքում էլ ոչ թե որևէ պոզիտիվ զգացողություն է, այլ մաքուր ատելություն։

Իշխանությունն ու ընդդիմությունը մրցում են այն հարցում, թե ով իր կողմնակիցներին ատելության ավելի մեծ չափաբաժին կհաղորդի հակառակ կողմի նկատմամբ։ Այս պայքարում հաղթելու է պայմանական «Ատելության կուսակցությունը», կողմերից հատկապես այն մեկը, որը հակառակորդի նկատմամբ ավելի շատ ատելություն կգեներացնի։

Հայաստանը կարող է զարգացման հեռանկար ունենալ, եթե քաղաքականությունը զգացմունքային դաշտից տեղափոխվի բանականության հարթություն։ Առանց բանականության՝ չի կարող լինել ծրագիր, իսկ առանց ծրագրի՝ չի կարող լինել զարգացում։

Զգացմունքով բանակ ու անվտանգություն չի ապահովվում, տնտեսություն չի հզորացվում ու հարաբերություն չի կառուցվում։ Որքան էլ զգացմունքները կարևոր են, այդուհանդերձ, քաղաքականությունը բանականության զբաղմունք է, զգացմունքինը՝ դերասանությունն է։ Հայաստանում, սակայն, քաղաքականությանը փոխարինելու է եկել դերասանությունը, որովհետև բանականությունը փոխարինվել է զգացմունքով։

Ու քանի որ դա այդպես է, և որովհետև իշխանությունը Նիկոլ Փաշինյանն է, Նիկոլ Փաշինյանն էլ՝ իշխանություն, քաղաքականությունը վերածվել է մեկ դերասանի թատրոնի։

Այո, Նիկոլ Փաշինյանը գուցե անգերազանցելի է դերասանության մեջ և դրա հաշվին կարողացել է ոչ միայն իշխանության գալ, այլև այն պահպանել շուրջ երեք տարի, բայց դա չի կարող անվերջ շարունակվել, քանի որ պատմությանը հայտնի չեն դեպքեր, երբ պետությունները քաղաքականության փոխարեն՝ գոյատևել ու զարգացել են դերասանությամբ, թեև նույն պատմությունն ունի վկայություններ այն մասին, որ մասնագիտությամբ դերասանները հաջողել են քաղաքականության մեջ»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր