211652_close_icon
views-count6233 դիտում article-date 09:39 13-03-2021

Հնդկաստանը յուրահատուկ ուղերձներ է ուղարկում Հայաստանին. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Մասնագետները նկատում են, թե «կորոնավիրուսային աշխարհում» գլոբալիզացիայի գործընթացն իր տեղը զիջել է ռեգիոնալիզմին, երբ տարածաշրջանային մակարդակով բազմաթիվ խաղացողներ են ակտիվացել։ Հատկանշական է, որ թուրք-ադրբեջանական տանդեմը կորոնավիրուսի ճգնաժամն օգտագործեց Արցախի նկատմամբ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու համար, և պարտությունից հետո Հայաստանի առանցքային խնդիրներից մեկը պետք է լինի նորովի ձևակերպել մեր առաջնահերթությունները տարածաշրջանում, հասկանալ, թե ինչպիսի փոխգործակցության մեխանիզմներ են պետք, որպեսզի մեր երկիրը հնարավորություն ունենա վերականգնել իր դիրքերը և բուժել վերքերը։ Այս տեսանկյունից խորհրդանշական է Իրանում Հնդկաստանի դեսպան Հադդամ Ջարմենդրայի հայտարարությունը, թե Հնդկաստանը ծրագրում է միացնել Չաբահարի արևմտյան մասը և Հնդկական օվկիանոսը Եվրասիայի և Հելսինկիի հետ Հայաստանի տարածքով՝ ստեղծելով «Հյուսիս-հարավ» միջանցքը։

Պետք է ուշադրություն դարձնել, որ այսպիսի հայտարարություն է անում Հնդկաստանի՝ ոչ թե Հայաստանում դեսպանը, այլ Իրանում։

Նման հայտարարությամբ Հնդկաստանը, կարծես, յուրահատուկ ուղերձներ է ուղարկում Հայաստանին, որ պետք է ակտիվացնի իր արտաքին քաղաքականությունը միաժամանակ Իրանի և Հնդկաստանի ուղղությամբ։

Իսկ թե Հայաստանին որքանով կհաջողվի մասնակցություն ունենալ «Հյուսիս-հարավ» միջանցքի ուղղություններից մեկի կյանքի կոչմանը, արդեն կախված է մեր գործողություններից։ Սակայն այս հարցում պետք է ուշադրություն դարձնել աշխարհաքաղաքական իրողություններին և փորձել որոշակի գործոններ ծառայեցնել մեր շահերին համապատասխան։ Այս փուլում ականատես ենք լինում, թե ինչպես են Թուրքիան և Ադրբեջանը ակտիվ աշխատում մի շարք ուղղություններով, որոնցից մեկն էլ Պակիստանի հետ սերտ համագործակցության խորացումն է ամենատարբեր ոլորտներում՝ ռազմականից սկսած, մշակութայինով վերջացած։

Իսլամաբադի, Անկարայի և Բաքվի միջև փոխայցելություններն ու համատեղ նախագծերի առաջ քաշումն ու իրականացումը վերջին շրջանում հատկապես ինտենսիվ բնույթ են ստացել։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր