211652_close_icon
views-count7123 դիտում article-date 12:21 12-03-2021

Բարի հիշատակ Վլադիմիր Օհանյանին կամ իր հայրենի եզերքի նվիրյալը.

Հեռախոսազանգը դաժան լուր է բերում. այլևս մեզ հետ չէ իմ լավ բարեկամ Վլադիմիր Օհանյանը՝ հետաքրքիր ու ինքնատիպ բնավորության ու խառնվածքի տեր մի անհատականություն, ով իր ուսերին ապրած 90 տարիներ ուներ, ջերմ ընկերական ու բարեկամական միջավայր։

Ոստիկանության գնդապետը, ով երկար տարիներ աշխատել էր ճանապարհային ոստիկանության համակարգում ու եղել Հայաստանի համակարգի ղեկավարներից մեկը՝ ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալի կարգավիճակով, միշտ հիշում էր իր աշխատանքային տարիները, այն քայլերը, որոնցով ձգտում էին անվտանգ երթևեկությունը դարձնել գործելակերպ ու չգրված օրենք՝ գործի դնելով իրենց  ժամանակների բոլոր հնարավորությունները՝ անվտանգ երթևեկության կանոնների հրապարակումից մինչև ուղղաթիռների կիրառումը։

Հենց այդ ուղղաթիռների կիրառումն էլ առիթ դարձավ, որ մի օր էլ գտնվելով հայրենի Լոռվա աշխարհում վայրէջք կատարեց իր մանկության սարում ու տասնամյակների կարոտն առավ, ջուր խմեց սառը աղբյուրից՝ իր իսկ խոսքերով՝ այդպես շահագործելով իր «պաշտոնական դիրքը»։ 

Լոռվա գեղատեսիլ վայրերից մեկում՝ Վահագնիուն ծնված ու մեծացած Վլադիմիր Օհանյանը միշտ մնաց իր հայրենի եզերքի նվիրյալը։ Մեր ցանկացած խոսակցության ժամանակ ասում էր, որ անընդհատ իր ծննդավայրի ու Լոռվա աշխարհի հետ է: 

Հազար ու մի հիշողություններ ուներ, բայց ուզում էր, որ այս գարունը ավելի շուտ բացվեր ու տաքանար, իսկ ինքը հայտնվեր հայրենի հողում, որքան էլ դժվարին լիներ իր տարիքի համար քայլել Դեբեդի հովտում ու նաև իր մանկության սար բարձրանար, անցներ իրեն ծանոթ արահետներով ու հասներ սառնորակ աղբյուրներից մեկին, նստեր կանաչի վրա ու երկար ջուր խմեր, որից երբեք հագուրդ չէր ստանա։

Գիտեր, որ իր հայրենի եզերքում ավելի երիտասարդ բարեկամները և ընկերները սպասում են իրեն, ամեն օր նրանց հետ հեռախոսային զրույցներում նոր երթուղիներ էր գծում, նաև մտածում գյուղի դպրոցի հարևանությամբ հիշատակի պուրակ հիմնել իր անվանի համագյուղացիների հիշատակին՝ Հայաստնի ղեկավար եղած Անտոն Քոչինյանի, գուսան Զաքարյանի, Խորհրդային Միության հերոս Գառնիկ Վարդումյանի և այլոց հիշատակին։

«Մեր գյուղը գեղեցիկ է ոչ միայն իր հրաշալի բնաշխարհով, այլև մարդկանցով։

Ամեն մեկը աշխատասիրության, իր հող ու ջրին նվիրվածության բացառիկ օրինակ է, - ասում էր իմ ավագ ընկերը՝ Վլադիմիր Օհանյանը,-ամեն մեկը ինձ համար հարազատ է ու մերձավոր, որովհետև ապրելով այդ գողտրիկ վայրում երբեք չեն մոռանում իրեն գյուղի պատմությունը և մարդկանց։

Մեր գյուղը իր խորդանիշն ունի ի դեմս Անտոն Քոչինյանի հավանությանն արժանացած քանդակագործ Եղիա Չուբարի հեղինակած Վահագնի արձանի։

Այն մեր գյուղի խորհրդանիշն է դարձել»։

Երբ Լոռի էր գնում այցելում էր հայրական տուն, որը սիրով էր պահպանում և որտեղ իր ծնողների ու մանկության հիշատակները կային։

Ընդամենը մի քանի օր առաջ հերթական խոսում էինք հեռախոսով, ասաց, որ շատ է կարոտել  գյուղի տա իրենց բակին, երնեկ հրաշք կատարվեր ու այնտեղ հայտնվեր։

Ավելացրեց նաև, որ դպրոցում ցանկանում են իր անունով դասասենյակ ունենալ։

«Մարդ ուր էլ գնա, ինչ բարձունքի էլ հասնի իր արմատներից երբեք չպետք է կտրվի,-կրկնում էր նա,-եթե անգամ ֆիզիկապես չես կարողանում գնալ-հասնել այնտեղ, մտքով դու այնտեղ պիտի լինես։

Հավատացեք երևանյան իմ օրերը սկսվում ու ավարտվում են իմ Վահագնիով, ուրիշ կերպ լինել ես չեմ կարող։ էլ գիշերային երազների մասին չեմ խոսում, որոնք ինձ միշտ հիշողության թանկ պատկերներ ու երանելի ձայներ են բերում»։

Այնպես էր ստացվել, որ երկար ժամանակ համավարակի պատճառով ընկերներով սեղանի շուրջը չէինք հավաքվել, սրտնեղում էր՝ ասելով, որ ամեն ինչ պատկերացնում էր, բայց որ կարելի է  90 տարեկան դառնալ ու չնշել ՝ աներևայակելի էր իր համար, մանավանդ այդ նպատակով ամառանոցում 40  տարվա գինի էր պահում։

Սիրում էր լինել իր Ջրվեժ-Ձորաղբյուրում գտնվող իր ամառանոցում ու մեծ ուրախություն էր ապրում, երբ իրեն հյուր էին գալիս ընկերները:

Ցանկանում էր, որ նրանք էլ ճաշակեն բլրի գագաթին ծվարած ամառանոցի հարևանությամբ գտնվող խնամված այգու տարբեր ծառերի պտուղները։

Դեռ ավելին՝ այդ ամենից հասցնում էր բաժին հանել մեր ընտանիքներին։

Այստեղ էլ էր ընկնում հիշողությունների գիրկը։ Ամառանոցի հողատարածքը ստացել էր ոստիկանության համակարգի իր ընկերների հետ, բայց շուրջը նրացից արդեն ոչ-ոք չկար։ Միայն ինքն էլ մնացել, իսկապես այն նվիրյալ հայորդիներից մեկը, որոնք ձգտում էին իրավական պետություն ունենալ։

Նրանց հետ էլ այստեղ է մտովի «զրույց» ունենում, օրինակ՝ ոստիկանապետ Պատալովի հետ, որի համար ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս չլուծվող խնդիրներ չկային։

Նա իրենց մղում էր հորիզոնական կապեր հաստատել խորհրդային հանրապետությունների իրենց գործընկերների հետ։ 
Ընտանիքի նվիրյալ էր։

Որդին՝ Սամվելը, ճանաչված իրավաբան է և դուստրը՝ Նունեն երաժիշտ: Նրանք կյանքում իրենց տեղը գտել են։ Ամեն մեկը իր մասնագիտական ասպարեզում գտել է իր ճամփան։

Կինը՝ Լաուրան վաղ էր հրաժեշտ տվել այս աշխարհին։ Վլադիմիր Օհանյանը ապրում էր նրա հետ ունեցած պայծառ հուշերով։

Որքան հնարավոր էր խորհրդային տարիներին հասցրել էին ճամփորդել, եղել ինչպես խորհրդային, այնպես էլ կապիտալիստակա երկրներում, ինչ-որ չափով ճանաչել աշխարհի ժողովուրդներին։ 

Օհանյանների ընտանիքը այնքան հյուրընկալ էր, որ ամեն շաբաթ հյուրեր ունեին Լոռվա աշխահից և ոչ միայն այնտեղից։

Գրողներ, երգիչներ էին հյուրընկալվում, ու որպես կանոն ազգային երգ-երաժշտություն էր հնչում ոչ միայն իրենց բնակարանում, այլև շենքում։

Չգրված օրենք էր, որ երբ Երևան էր գալիս գուսան Զաքարյանը, անպայման մի կտոր աղուհաց էր կտրում Օհանյանների օջախում։

Այնքան խոսքաշեն էր Վլադիմիր Օհանյանը,որ նրա ամենատարբեր պատմությունները հաջորդում էին մեկը մյուսին, որոնցում ակնառու երևում էր  կյանքը, մարդկանց, իր ծննդավայրը սիրող ու գնահատող մարդը-անհատականություն։

Մենք նրանից շատ դասեր ունենք քաղելու, որից ամենակարևորը քո ապրած ամեն մի օրը իմաստավորելն ու այն հարազատիդ ու բարեկամիդ հաղորդակից դարձնելն է։

Իսկ դա նշանակում է՝ այս աշխարհում հետք թողնելն է և ամենակարևորը բարի հետք, որը մեզ հետ է լինելու դեռ երկար տարիներ, քանի որ ինչպես իր գրքի վերնագիրն է մեզ հուշում, նա այս աշխարհից գնաց հայրենի եզերքի կարոտը սրտում:
 
 Սերգո Երիցյան 
«Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ,
բանասիրական գիտությունների դոկտոր,պրոֆեսոր

Նմանատիպ նյութեր