211652_close_icon
views-count12436 դիտում article-date 09:01 12-03-2021

Տարածաշրջանի «կարմիր գծերն» ավելի են բարակում․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Մարտի 15-18-ն Ադրբեջանում կանցկացվեն լայնամասշտաբ պլանային զորավարժություններ։ Ադրբեջանի զինված ուժերի պլանային զորավարժությունները չեն կարող ուշադրության չարժանանալ մեր կողմից, հաշվի առնելով այդ երկրի անթաքույց սպառնալիքները և ոտնձգությունները՝ ուղղված մեր երկրի տարածքային ամբողջականությանը։ Տարածաշրջանային երկրների, հատկապես Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից ռազմական գերակտիվությունը հստակ խնդիր է դնում նաև մեր առջև՝ վերակազմակերպելու և կրկին մարտական պատրաստականության բարձր աստիճանի բերելու հայկական բանակը։ Բնականաբար արցախյան վերջին պատերազմի արդյունքներն ուժեղ հարված էին, սակայն վստահաբար հայկական բանակը և հայ զինվորն ունեն մարտական ոգին վերագտնելու մեծ ներուժ։ Ուժի լեզուն միակն է, որը թշնամին լավ է հասկանում։

Ներկայիս զարգացումների ֆոնին հարց է առաջանում՝ կվերսկսվի՞ արդյոք պատերազմը՝ այս անգամ Հայաստանի սահմաններին։ Եթե դա պայմանավորված լիներ միայն Ադրբեջանի և Թուրքիայի ցանկությամբ, ապա միանշանակ կարող էինք ասել, որ պատերազմի վերսկսումը ժամանակի հարց է, սակայն այստեղ են հատվում նաև այլ երկրների «կարմիր գծերը», որոնք կարող են զսպող դեր ունենալ թուրք-ադրբեջանական ծրագրերի իրականացման համար։ Մյուս կողմից, մտահոգիչ է այն, որ իրավիճակը սրվում է Դոնբասում, ինչը կարող է մեծ ռեսուրսներ պահանջել Ռուսաստանից և խոցելի դառնա մեր տարածաշրջանում պայթունավտանգ իրավիճակը վերահսկելու հնարավորությունը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր