211652_close_icon
views-count2550 դիտում article-date 17:16 09-03-2021

Իշխանությունները ամեն ինչ անում են, որ ԲԴԽ նախագահը հրաժարական տա, նրանք արդեն ունեն իրենց սրտի թեկնածուն ու չեն էլ թաքցնում․ Հայկ Ալումյան

Ես կարծում եմ, որ սա վառ դրսևորում է այն տենդենցի, որ ներկա քաղաքական իշխանությունն ամեն ինչ անում է դատական իշխանությունը իր վերահսկողության տակ վերցնելու համար։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Հայկ Ալումյանը՝ անդրադառնալով Ազգային ժողովում Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանին ուղղված «Իմ քայլի» պատգամավորների հացապնդումներին։

«Իրենք ամենագռեհիկ մեթոդները կիրառում են այդ նպատակին հասzնելու համար, դրա ականատեսը եղանք Ազգային ժողովում հարց ու պատասխանը տեսնելիս։ Խոսում են այնպիսի բաներից, ինչից պատկերացում չունեն։ Սպառնալից ինտոնացիաներով վիրավորական արտահայտություններ են անում՝ չհասկանալով պարզ բան՝ անկախ իրենց անձնական վերաբերմունքից այս կամ այն անձի նկատմամբ ուղղակի անթույլատրելի է, երբ որևէ իշխանական ճյուղ այդ աստիճանի գռեհիկ հրապարակային վերաբերմունք է ցուցաբերում մեկ այլ ճյուղի ներկայացուցչի նկատմամբ, առավելևս, եթե խոսքը վերաբերում է դատական համակարգի ներկայացուցչին»,–ասաց նա։

Հայկ Ալումյանը նշեց՝  կնախընտրեր, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պատասխանները լինեին ավելի կոշտ, բայց հավանաբար ԲԴԽ նախագահը քաղաքավարի գտնվեց:

Հայկ Ալումյանը նշեց, որ Վճռաբեկ դատարանի դատավորին չընտրելով՝ տուժեցին այն անձիք, ում գործերը այդ դատական համակարգում քննության փուլում են, քանի որ դատավորի չընտրելով՝ մյուս դատավորների ծանրաբեռնվածությունը դրանից ավելանում է։ «Դրանով մեծ հաշվով ո՛չ դատավորին վատություն արեցին, ո՛չ վճռաբեկ դատարանին, այլ այն մարդկանց, ում գործերը Վճռաբեկ դատարանում քննվում են։ Իրենցից կախված ամեն ինչ արեցին, որպեսզի դատական իշխանությունը նվաստացնեն, թեկուզ եթե նայենք այդ նվաստացողների ով լինելը, ապա հասկացող մարդու աչքերում դատական համակարգի հեղինակությունը դրանից պետք է բարձրանա»,–ասաց նա։

Ըստ նրա՝ իշխանությունները ամեն ինչ անում են, որ ԲԴԽ նախագահը հրաժարական տա։ «Ես կարծում եմ, որ իրենք արդեն ունեն իրենց սրտի թեկնածուն և չեն էլ  թաքցնում։ Այս մարդիկ չեն փոխվելու, նրանք այնպիսինն են, ինչպիսին կան, սա շարունակելու են անել այնքան, քանի դեռ այդ աթոռին են»,–ասաց նա։

Նմանատիպ նյութեր