211652_close_icon
views-count70396 դիտում article-date 16:50 06-03-2021

Արտակարգ դեպք Շիրակի մարզում. BMW-ի 40-ամյա վարորդը, ով հայտնել է, որ ինքը ԱԱԾ աշխատակից է և ներկայացրել է հատուկ՝ «նառուշիլովկայի» կտրոն, ճանապարհային ոստիկանների կողմից բերման է ենթարկվել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ 

Փետրվարի 17-ին Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները ծառայության ընթացքում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 118 կմ-ին ստուգման նպատակով կանգնեցրել են BMW մակնիշի ռուսական համարանիշներով  ավտոմեքենա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ այն վարել է Երևանի բնակիչ՝ 40-ամյա Վահե Հովհաննիսյանը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս ճանապարհային ոստիկաններին ներկայացել է, որ ինքը Ազգային անվտանգության ծառայության աշխատակից է, ինչպես նաև ներկայացրել է 2020 թվականի նմուշի N կտրոն։ 

Մինչ Վ. Հովհաննիսյանը կփորձեր համոզել ճանապարհային ոստիկաններին, նրանք՝ Ավետիք Քալաշյանն ու Թելման Գրիգորյանը, ստուգման արդյունքում պարզել են, որ հատուկ կտրոնի վրա բացակայում են ՀՀ քարտեզի տեսքով պաշտպանիչ նշանները, իսկ BMW-ն էլ, որի վրա տեղադրված են եղել ռուսական համարանիշներ, ունեցել է հայկական՝ 61 QQ 333 հաշվառման համարանիշները։

Ավտոմեքենան տեղափոխվել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի՝ Գյումրի քաղաքում գտնվող պահպանվող հատուկ տարածք, փաստի առթիվ էլ ոստիկանության Ախուրյանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ պարզվել է, որ նշված համարանիշներով Վ. Հովհաննիսյանն իրավունք չուներ վարել նշված ավտոմեքենան, իսկ հատուկ կտրոնն էլ կեղծ է։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Նմանատիպ նյութեր