211652_close_icon
views-count1452 դիտում article-date 18:42 05-03-2021

Հայ թիավարների համար դժվարին ժամանակներ են

Տարին բոլոր մարզվում  են  Հայաստանի թիավարները: Սա ասելով  նկատի ունենք այն, որ  բացօթյա  ջրերը ձմռան ամիսներին սառցակալվում են և դժվարություն ստեղծում:

Երևանյան և Լիոնի  այգու լճերում  են հիմնականում պարապում  ակադեմիական թիավարության ներկայացուցիչները:  Նշած  ջրատարածքներում, ինչպես նաև Հրազդան ,Սևան և Էջմիածին քաղաքների ջրուղիներում են  թիավարում   կանոէ և բայդարկա մարզաձևերն ընտրած  տղաները : Նրանք  գրեթե ամեն օր նաև  << ցամաքային >> վարժություններ են կատարում : Չէ որ մարզաձևը պահանջում է ունենալ ընդհանուր և հատուկ ֆիզիկական բարձր պատրաստականություն: Կշռաքարերը, մարմնամարզական գործիքները և բազմաթիվ այլ վարժասարքեր  պարապմունքների   մշտական << օգնականներն են  >>:

ՀՀ թիավարության ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Վարդան Ադամյանը զրույցի ժամանակ ասաց, որ պարապողները հաճույքով են կատարում մարզիչների առաջադրանքները  և անտրտունջ են տանում  ծանրաբեռնվածությունը : Նրանք լավ գիտեն իրենց առջև դրված խնդիրների մասին,  դժվարին առաջադրանքներ, որոնք  անհրաժեշտ  լուծում են պահանջում: Խոսքը վերաբերում է առաջիկայում կայանալիք օլիմպիական վարկանիշային մրցաշարերին:

Ակադեմիական թիավարների  գլխավոր ստուգատեսը եվրոպական երկրների մարզիկների համար Իտալիայի Վարես քաղաքում ապրիլին կայանալիք վարկանիշային մրցաշարն է: Երկտեղանոց զույգ թիերով, թեթև քաշի տղաներով  երկյակների մրցավեճի նպատակն արդեն  պարզ է: Թեթև քաշայիններ ասելով պետք է հասկանալ, որ մարզիկներից յուաքանչյուրի անձնական քաշը չպիտի գերազանցի 72 կիլոգրամը:

Բայդարկա և կանոէ մրցաձևերում օլիմպիական  ուղեգրերը կխաղարկվեն Հունգարիայի Տեգեց քաղաքում ՝ մայիսին: Այստեղ  նույնպես մերոնք  մրցելույթ  կունենան  երկտեղանոց նավակներով, ասել է թէ՝  յուրաքանչյուր մրցաձևում մեր երկրից  կգործուղվի  երկուական մարզիկ:

Վերջում նշենք , որ մեզանում  աշխատող ընդհանուր թվով  30 մարզիչներ վարպետության դասեր են տալիս   48 խմբերում ընդգրկված սաներին: Նրանց բոլորի համար մարզաձևի կենտրոն է հանդիսանում  Երևանյան լիճը: Այստեղ են հատկապես ձմռան ամիսներին հյուրընկալվում Սևան և Հրազդան քաղաքների թիավարները, որոնց մարզավայրերը  պատվում են հաստ սառցաշերտով:

Նմանատիպ նյութեր