211652_close_icon
views-count2243 դիտում article-date 23:46 04-03-2021

Գերմանիայի Բունդեսթագում հատուկ քննարկմանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը բարձրացրել է Ադրբեջանում պահվող գերիների անհապաղ վերադարձի հարցը

Գերմանիայի Բունդեսթագում այսօր կազմակերպվել է օնլայն հատուկ քննարկում Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների վերաբերյալ, որի ընթացքում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը հանդես է եկել առանձին զեկույցով։ Քննարկումը տեղի է ունեցել Բունդեսթագի մարդու իրավունքների և հումանիտար հարցերով մշտական հանձաժողովի նախագահ Միխայել Բրանդթի և Բունդեսթագի պետիցիոն հանձնաժողովի նախագահ Մարիան Վենդթի ղեկավարությամբ։  Քննարկմանը մասնակցել է Գերմանիայի 70-ից ավելի պատգամավոր:

Պաշտպանը բարձրացրել է Ադրբեջանում պահվող հայկական կողմի գերիների՝ զինծառայողների ու քաղաքացիական անձանց վերադարձի հրատապության հարցը: Արման Թաթոյանը նշել է, որ ադրբեջանական իշխանություններն արհեստական ձգձգում, քաղաքականացնում են գործընթացը՝ հայ հասարակությանն ու հատկապես գերիների ընտանիքներին հոգեկան տառապանքներ պատճառելու ու երկրում լարվածություն առաջացնելու նպատակով:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը մանրամասն ներկայացրել է մարդասիրական ու մարդու իրավունքների ոլորտի միջազգային այն կանոնները, որոնք պահանջում են գերիների անհապաղ ազատ արձակում ու անվտանգ վերադարձ: Ընդ որում, միջազգային մարդասիրական իրավունքի ու գերիների իրավունքների կոպիտ խախտում է նրանց իբրև «ահաբեկիչներ» ներկայացնելը, քանի որ խոսքը գնում է շարունակվող զինված հակամարտության մասին:

Պաշտպանը նաև ներկայացրել է տեղեկություններ պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարված պատերազմական ու մարդկության դեմ ուղղված հանցանքների (գլխատումներ, խոշտանգումներ, մարմինների անարգանք և այլն) մասին:

Արման Թաթոյանը շնորհակալություն է հայտնել Գերմանիայի խորհրդարանի պատգամավորներին կազմակերպված քննարկման համար:

Մարդու իրավունքների պաշտպանը կարևոր է համարում Գերմանիայում ՀՀ դեսպանության աջակցությունն այս քննարկումը կազմակերպելու հարցում: 

Նշենք, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի կողմից հավաքագրված ադրբեջանական դաժանությունների ու խոշտանգումների վերաբերյալ ապացույցները Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը փոխանցել է Գերմանիայում գործող Amnesty international իրավապաշտպան կազմակերպությանը։

Նմանատիպ նյութեր