211652_close_icon
views-count2741 դիտում article-date 12:49 02-03-2021

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ճակատային հատվածի հարակից տարածքում, առևտրային տաղավարներ են կառուցվում

Երևանի քաղաքապետարանի թույլտվությամբ քաղաքի կենտրոնում տեղակայված Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու (Տիգրան Մեծի պողոտա) ճակատային հատվածում՝ կանգառի հարևանությամբ, կառուցվում են առևտրային տաղավարներ:

Եկեղեցու քահանա Տեր Առնակն անհանգստացած է շինարարական աշխատանքներով, քանի որ եկեղեցու դիմային հատվածում առևտրային տաղավարներ կառուցելն անթույլատրելի է:

«Եկեղեցու հավատացյալները մեզ տեղեկացրին, որ եկեղեցու հարևանությամբ ինչ-որ շինարարություն է ընթանում: Երբ պարզեցինք շինարարության նպատակը, անկեղծ զարմանալի թվաց, որ քաղաքային իշխանությունը մեզ չի տեղեկացրել ծրագրի մասին: Քրիստոնեության 1700-ամյա պատմության խորհրդանիշ համարվող այս եկեղեցու ճակատային հատվածը պետք է բաց մնա և տեսանելի լինի բոլոր անցորդների համար: Նման տաղավարների շինարարությունն ուղղակի անթույլատրելի է»,- ասում է Տեր Առնակը:

Lragir.am-ին քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը պարզաբանել է, որ ըստ նախագծի՝ հուշանվերների վաճառք կազմակերպելու տաղավարներ են կառուցվում: Տարածքում կան մայթի վրա առևտուր իրականացնող քաղաքացիներ, ովքեր կառուցապատումից հետո իրենց գործունեությունը կարող են իրականացնել նշված տաղավարներում: Կառուցապատման իրավունքով տրամադրված հողամասի 10-30%-ը կտրամադրվի փողոցի առևտրականներին՝ անհատույց օգտագործման իրավունքով: 

Շինարարությունն իրականացնում է «Միրաժ 2020» ՍՊԸ-ն (ղեկավարը Հովհաննես Երանոսյան), որին կառուցապատման իրավունքը հատկացվել է 5 տարի ժամկետով: Կառուցապատման իրավունքի տարեկան մեկնարկային վճարը 585 հազար դրամ է սահմանված եղել, բայց, ըստ քաղաքապետարանի տեղեկատվության, կառուցապատողի կողմից վճարված տարեկան վճարը կազմել է 1 մլն 800 հազար դրամ: 

Հակոբ Կարապետյանը տեղեկացրել է նաև, որ կառուցապատող ընկերությունը զուգահեռ պարտավորվել է ներդրումներ իրականացնել քաղաքի զարգացման համար: Հողատարածքի մրցույթին մասնակցելու հայտին կից ներկայացված առաջարկությամբ կառուցապատողը պարտավորվել է 30 մլն դրամ ներդրում իրականացնել՝ ուղղված Երևանի զարգացմանը կամ Օղակաձև զբոսայգու բարեկարգմանը:

«Մենք, անկասկած, դեմ չենք, որ Երևանը բարեկարգվի և վստահ ենք, որ քաղաքապետարանի նպատակները բարի են, սակայն չի կարելի առևտրային շահը բարձր դասել առավել կարևոր շահից: Այս տաղավարներն ուղղակիորեն խաթարելու են եկեղեցու տեսքն ու ամբողջականությունը:

Խնդրին ճիշտ լուծում է պետք տալ. շինարարությունը պետք է տեղափոխվի ուրիշ տեղ: Եթե քաղաքապետարանը բարեկարգման նպատակ ունի և շինարարության թույլտվություն է տալիս, իր իրավունքն է միանշանակ, բայց մենք էլ իրավունք ունենք պահանջելու մեր հավատացյալների համար բաց թողնել եկեղեցու դարպասները»,- նշեց քահանան և հավելեց, որ գրավոր նամակով դիմել են քաղաքապետին՝ խնդրանքով վերանայել որոշումը և շինաշխատանքները տեղափոխել մեկ այլ վայր:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր