211652_close_icon
views-count5347 դիտում article-date 11:58 02-03-2021

«Արդար Հայաստան» կուսակցության հայտարարությունը կիսանախագահական կառավարման համակարգի և արտահերթ ընտրությունների մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ս.թ. մարտի 1-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարել է, որ չի բացառվում, որ այս տարվա հոկտեմբեր ամսին համաժողովրդական հանրաքվեով կընդունվի նոր Սահմանադրություն կամ Սահմանադրական փոփոխություններ և կիսանախագահական կառավարման համակարգի անցնելը կդառնա հնարավոր տարբերակներից մեկը:

Բացի այդ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ եթե խորհրդարանական ուժերը համաձայնվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելուն՝ իրենք նույնպես կհամաձայնվեն:

2020թ. նոյեմբերի 10-ին, «Արդար Հայաստանը»՝ դեռևս որպես հանրային նախաձեռնություն, առաջինն էր, որ հանդես եկավ հայտարարությամբ՝ ընդգծելով, որ Հայատանի վարչապետի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահների կողմից ստորագրված հայտարարությունից հետո հասունացող քաղաքական ճգնաժամը կարող է հաղթահարվել միայն ու միայն քաղաքական համակարգի ամբողջական ու ինստիտուցիոնալ վերափոխման արդյունքում։

Հայտարարությամբ նշվել էր, որ այդ նպատակին հասնելու համար գործող քաղաքական իշխանությունը պարտավոր է ձեռնարկել ու ներկայացնել ժամանակացույց՝ քաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար, առաջիկա վեց ամիսների ընթացքում անցկացնել սահմանադրական փոփոխություններ, վերականգնել կիսանախագահական կառավարման համակարգը, որից հետո կազմակերպել նախագահական և խորհրդարանական ընտրություններ:

Հարկ է արձանագրել, որ գործող իշխանությունն, ըստ էության, համաձայնել է վերը նշված բոլոր առաջարկություններին, այն է՝ հրապարակել է ճանապարհային քարտեզ, իսկ այժմ խոսում է կառավարման համակարգի փոփոխության և արտահերթ ընտրությունների մասին:

Ընդամենը ժամանակացույցն է որոշակիորեն փոխվել:

«Արդար Հայաստան» կուսակցության ծրագրում հստակորեն նշված է, որ պետականաշինության ներկա փուլում, ելնելով երկրում պետական կառավարման արդյունավետության բարձրացման հասարակական պահանջից, անհրաժեշտ է վերականգնել կիսանախագահական կառավարման համակարգը։

Նկատի ունենալով վերը նշվածը՝ վերահաստատում ենք մեր դիրքորոշումը՝ հորդորելով իշխանություններին հնարավորինս սեղմ ժամկետներում՝ մայիս-հունիս ամիսներին, նշանակել սահմանադրական փոխոխություների կամ նոր սահմանադրության ընդունման հանրաքվե՝ վերականգնելով կիսանախագահական կառավարման համակարգը, որից հետո հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, իսկ վեց ամիս անց նախագահական ընտրություններ:

«Արդար Հայաստան» կուսակցությունը մեկ անգամ ևս հորդորում է բոլոր քաղաքական ուժերին ճակատագրական այս պահին դրսևորել խոհեմություն, իրավիճակի սթափ վերլուծություն՝ Հայաստանը զերծ պահելով քաղաքացիական պատերազմից ու քաղաքական կատակլիզմներից։

Խորապես համոզված ենք, որ մեր ժողովուրդն այս օրհասական պահին կդրսևորի իմաստնություն ու բարձր գիտակցություն՝ իրավիճակը հաղթահարելու համար։

«Արդար Հայաստան» կուսակցության կառավարման խորհուրդ

Ք. Երևան 02.03.2021թ.

Նմանատիպ նյութեր