211652_close_icon
views-count2266 դիտում article-date 16:45 01-03-2021

Արմեն Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել են

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել են։

Ըստ նախագահի գրասենյակի՝ քանի որ Արմեն Սարգսյանը վատառողջ է, վարչապետը տեսակցելու նպատակով այցելել էր նրան։

«Բնականաբար, Հանրապետության նախագահն ու վարչապետն անդրադարձել են նաև երկրի ներքաղաքական իրավիճակին: Տարածվող այլ տեղեկությունները բացարձակապես սուտ են, և փորձ են ավելի սրելու առանց այն էլ լարված իրավիճակը», - ասված է հաղորդագրությունում:

Նախագահի գրասենյակը մեկ անգամ ևս հորդորել է՝ «ձեռնպահ մնալ սադրիչ և կեղծ տեղեկություններ տարածելուց», միաժամանակ, կրկին ընդգծելով, որ Հանրապետության նախագահն առաջնորդվում է բացառապես Սահմանադրությամբ և համապետական ու համազգային շահերով, գործում է իր սահմանադրական լիազորությունների շրջանակում:

Նշենք, որ Արմեն Սարգսյան-Նիկոլ Փաշինյան հեռակա բանավեճ է սկսվել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումից հետո։ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու առաջարկությունը վարչապետը նախագահին է ներկայացրել փետրվարի 25-ին, երբ առավոտյան հրապարակվեց Զինված ուժերի անունից ԳՇ հայտարարությունը՝ վարչապետի և Կառավարության հրաժարականի պահանջով։ Վարչապետն այդ հայտարարությունը «ռազմական հեղաշրջման փորձ» որակեց։ Նույն օրը կայացած հանրահավաքում Փաշինյանը նաև հրաժարական տալու կոչ արեց Գասպարյանին։

Հանրապետության նախագահը փետրվարի 27-ին Գասպարյանին պաշտոնանկ անելու հրամանագրի նախագիծը առարկություններով ետ ուղարկեց վարչապետի աշխատակազմ: Վարչապետն էլ միջնորդությունը կրկին ուղարկեց նախագահին` նշելով, որ «այս որոշումը ամենևին չի նպաստում ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը»:

Նմանատիպ նյութեր