Քաղաքական տարաձայնությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով. ԵՄ
Եվրոպական միությունը շատ ուշադիր հետևում է Հայաստանում իրադարձությունների զարգացմանը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել ԵՄ-ի կայքէջը:
«Մենք խնդրում ենք բոլոր գործող անձանց պահպանել հանգստություն և խուսափել ցանկացած հռետորաբանությունից կամ գործողություններից, որոնք կարող են հանգեցնել հետագա էսկալացիայի։ Քաղաքական տարաձայնությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով և խորհրդարանական ժողովրդավարության սկզբունքներին ու գործընթացներին խիստ համապատասխան ։
ՀՀ Սահմանադրությամբ զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն եւ գտնվում են քաղաքացիական վերահսկողության տակ: Ժողովրդավարական և սահմանադրական կարգի պահպանումը միակ միջոցն է, որի միջոցով Հայաստանը կարող է արդյունավետորեն լուծել իր առջև դրված խնդիրները »,- նշված է հաղորդագրության մեջ:
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել՝ վճռական բողոք արտահայտելով Տիրան Խաչատրյանին գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու առնչությամբ: Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ զինված ուժերը պահանջել են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցով ուղիղ հեռարձակմամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ որոշել է պաշտոնից ազատել ՀՀ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին և պատրաստել է համապատասխան փաստաթղթերը: Հանրապետության Հրապարակում Նիկոլ Փաշինյանը հրավիրել է հանրահավաք, որին հաջորդել է երթ: Ազատության հրապարակում էլ անցկացվել է ընդդիմության հանրահավաքը: