211652_close_icon
views-count2257 դիտում article-date 22:02 24-02-2021

Իրաքյան Քուրդիստանում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպում է ունեցել Քուրդիստանի ժողովրդավարական կուսակցության նախագահ Մասուդ Բարզանիի հետ

Փետրվարի 24-ին Իրաքի Հանրապետություն այցի շրջանակներում Իրաքյան Քուրդիստանում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը հանդիպում ունեցավ Քուրդիստանի ժողովրդավարական կուսակցության նախագահ Մասուդ Բարզանիի հետ:

Ողջունելով ԱԳ նախարարի տեղակալին՝ Մասուդ Բարզանին նշեց, որ հայ-քրդական պատմական առնչությունները գալիս են դարերի խորքից, և հենց այդ ամուր կապն է ընկած երկու ժողովուրդների բարեկամության հիմքում: ՔԺԿ նախագահը բարձր գնահատեց Հայաստանի իշխանությունների՝ Էրբիլում գլխավոր հյուպատոսության բացման որոշումը` ընդգծելով, որ ՀՀ դիվանագիտական առաքելությունը կհանդիսանա երկու բարեկամ ժողովուրդների միջև հարաբերությունների զարգացման խթան:

Արտակ Ապիտոնյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշեց, որ հայերը պատմության տարբեր հանգրվաններում բնակություն հաստատելով Իրաքյան Քուրդիստանում, արժանացել են տեղի իշխանությունների բարյացակամ վերաբերմունքին և գնահատանքին, և այսօր էլ բազմահազարանոց հայ համայնքը շարունակում է ապրել Իրաքյան Քուրդիստանում՝ իր նպաստը բերելով տարածաշրջանի զարգացմանը: Արտակ Ապիտոնյանն ընդգծեց, որ Հայաստանը կարևորում է Քուրդիստանի Ինքնավարության հետ բազմաոլորտ համագործակցության զարգացումը և վստահություն հայտնեց, որ Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոսության հիմնումը մեծապես կնպաստի փոխշահավետ օրակարգի առավել ամրապնդմանը՝ առանձնահատուկ ընդգծելով քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային, կրթական և հումանիտար ոլորտներում կապերի խորացման կարևորությունը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր փոխանակեցին նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ:

Փետրվարի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը Էրբիլում հանդիպում ունեցավ Իրաքյան Քուրդիստանի վարչապետ Մասրուր Բարզանիի հետ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները հանգամանալից քննարկում ունեցանն Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև համագործակցության արդեն իսկ ձևավորված դինամիկ օրակարգի, մասնավորապես՝ տնտեսական կապերի և ապրանքաշրջանառության ծավալների բազմապատկման հնարավորությունների շուրջ: Կողմերն անդրադարձան նաև փոխգործակցության առավել հեռանկարային ոլորտներին, մասնավորապես՝ զբոսաշրջությանը, էներգետիկային, կրթությանն ու գիտությանը, բարձրագույն տեխնոլոգիաներին և այլն: Կարևորվեց կանոնավոր ուղիղ չվերթների շուտափույթ վերսկսումը, ինչը մեծապես կնպաստի ոչ միայն հումանիտար, այլ նաև գործարար կապերի ամրապնդմանը: Առաձնահատուկ ուշադրություն դարձվեց համատեղ գործարար համաժողովների անցկացման անհրաժեշտությանը։

Նմանատիպ նյութեր