211652_close_icon
views-count903 դիտում article-date 10:47 24-02-2021

Գործելակերպը նույնն է, վերաբերմունքը՝ տարբեր․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Ինչպես եւ անցած տասնամյակների ընթացքում, այսօրվա՝ «հետհեղափոխական» ոստիկանությունը շարունակում է ընդդիմադիր ցուցարարներին բերման ենթարկել ու քիթ-մռութ ջարդել, ԱԱԾ-ն եւ մնացած ուժայինները շարունակում են ընդդիմադիրների վրա «գործեր կարել»՝ ընդ որում, մեղադրանքները գնալով դառնում են ավելի ու ավելի անհեթեթ, «ֆեյքային»:

Ինչպես եւ անցած տասնամյակներում, ամեն ինչ այս պետության մեջ կախված է մեկ մարդու քմահաճույքից՝ ում վրա թագավորը «քսի կտա» իր քննիչներին ու քարոզիչներին, նա էլ կդառնա հետապնդման թիրախ: Առաջ իրավապաշտպանները եւ այլ հ/կ-ները դրա դեմ արդարացիորեն իրենց բողոքի ձայնն էին բարձրացնում, հիմա չեն նկատում (հատուկենտ բացառություններ գուցե կան): Կամ գուցե նկատում են, բայց գրանտատուները նրանց ասում են՝ «ձայն մի հանեք»:

Ավտորիտար ղեկավարման դրսեւորումները, որոնցից ամենացայտունը ընդդիմախոսների վրա «գործեր սարքելն» է, ինձ երբեք դուր չի եկել: Կարծում եմ, «Առավոտի» մշտական ընթերցողները կհիշեն, թե ինչպիսին էր մեր դիրքորոշումը, երբ դատում էին Աշոտ Բլեյանին՝ «տանիքի գործով», երբ տասնյակներով բերման էին ենթարկվում Ստեփան Դեմիրճյանի կողմնակիցները, երբ Ալեքսանդր Արզումանյանին «կպցրել էին» փողերի լվացման հոդվածը: Բազմիցս արտահայտվել եմ նաեւ ՀԱԿ անդամներին եւ համակիրներին, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանին, անհիմն հետապնդելու դեմ:

Այստեղ կարեւոր չեն անձնական կամ քաղաքական համակրանք-հակակրանքները՝ կարեւոր են սկզբունքները, որոնք «փոփոխական են» ոչ միայն քաղաքական, այլեւ, ինչպես տեսնում եք, նաեւ հասարակական գործիչների մոտ: 

Ավելին ասեմ, կասկած չունեմ, որ հաջորդ իշխանափոխությունից հետո նոր իշխանությունները Փաշինյանին «կպցնելու են» պետական դավաճանության հոդվածը (հավանաբար, հենց ա՛յդ պատճառով է, որ նա իր աթոռին մնալու համար ավելի մեծ ճիգեր է գործադրում, քան իր երեք նախորդները): Պետական մակարդակով քարոզվելու է այն թեզը, որ ներկայիս վարչապետը նախօրոք է պայմանավորվել Ալիեւի եւ միջազգային «մութ ուժերի» հետ՝ Արցախը հանձնելու մասին: Մենք թեւակոխելու ենք  Փաշինյանի եւ նրա մերձավոր շրջապատի դեմ դատավարությունների երկարուձիգ, հոգեմաշ ժամանակաշրջան: Կլինեն նաեւ այլ գործեր, այդ թվում (մի զարմացեք) կոռուպցիոն: Բայց վստահ եմ, որ պետական դավաճանության մեղադրանքները շինծու են. անգրագետ, ապաշնորհ, ոչ կոմպետենտ ղեկավարությունը, որի պատճառով պատերազմի ընթացքում (եւ ոչ միայն այդ ժամանակ) «բարդակ» եւ քաոս է առաջացել, դավաճանության հետ կապ չունի:

Հենց այսօրվանից հավաստիացնում եմ՝ իշխանափոխությունից հետո պաշտպանելու եմ Փաշինյանին եւ «իմքայլականներին»՝ անհիմն քրեական մեղադրանքներից: Եթե, իհարկե, այդ իշխանափոխությունը տեղի ունենա իմ կյանքի օրոք»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր