211652_close_icon
views-count2707 դիտում article-date 22:49 22-02-2021

Պետական դավաճան Նիկոլ Փաշինյանը, սպասարկելով Ադրբեջանի շահերը, Հայաստանը տարել է նախապես ծրագրված պարտվողական պատերազմի. Դավիթ Շահնազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Tert.am-ը գրում է. ԱԱԾ ղեկավարը ծիծաղելի վիճակում է հայտնվել, նման կարևոր կառույցի համար սա ողբերգություն է, պրոֆեսիոնալ առումով շատ ցածր որակի գործողություններ են կատարվել, իբր սոցցանցային ֆեյքի են ուզում գտնել, մինչդեռ իրական թիրախն «Արմնյուզ» հեռուստաընկերությունն է․ սա խայտառակում է այդ կառույցը, հատկապես երբ այն լրջագույն գործեր ունի կատարելու: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել Ազգային անվտանգության պետական վարչության նախկին պետ, քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը:

«Հայաստանում վխտում են օտարերկրյա գործակալները, այդ ցանցը կա կառավարությունում, ԱԺ-ում, քաղհասարակությունում, ընդդիմությունում, մինչդեռ որևէ կոնկրետ գործողություն չի արվում այդ ուղղությամբ։ Այդ կառույցը չի զբաղվում այն հարցերով, ինչի համար նախատեսված է։ Սա ի սկզբանե եղել է Փաշինյանի ծրագիրը՝ թուլացնել բանակը, անվտանգության համակարգերը, և նա հասել է իր համար շոշափելի արդյունքների։ ԱԱԾ-ի հրատապ խնդիրը պետք է լինի պետական դավաճան Փաշինյանին ձերբակալելը, դա նրանց ուղղակի պարտականությունն է, հակառակ դեպքում նրանք դառնալու են հանցակիցներ և կանգնելու են դատարանի առաջ»,- ասել է քաղաքական գործիչը:           

Ըստ Շահնազարյանի՝ իշխող վարչախմբի քայլերը չի կարելի բացատրել անփորձությամբ կամ ապիկարությամբ, սա դրսից նշանակված իշխանություն է՝ Թուրքիային ու Ադրբեջանին ծառայող և նրանց կողմից հրահանգավորվող. «Առաջին քայլերը, որոնք արեց պետական դավաճանը, Մանվել Գրիգորյանի և Ռոբերտ Քոչարյանի կալանավորումներն էին։ Դա ոչ այնքան այդ անձանց դեմ էր, որքան Արցախի, Հայաստանի անվտանգությունը թուլացնելու ծրագրի առաջին քայլը։ Պատահական չէ, որ նրա զինակիցներից մեկը, որը 1993-ի վերջին որպես հրամանատար փախել էր Օմարից, հայտարարեց, որ հեղափոխությունն ավելի կարևոր էր, քան արցախյան ազատամարտը»:

Քաղաքական գործչի կարծիքով՝ միտումնավոր կերպով ոչնչացվել է ՀՀ արտաքին քաղաքականությունը, որն անվտանգության կարևորագույն երաշխիք էր՝ ոչ պակաս, քան մեր Զինված ուժերը. «Փաշինյանը ԼՂ բանակցային գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի և այլ շրջանակներում տարավ ադրբեջանական հունով՝ հրաժարվելով այն աննախադեպ իրավիճակից, որն առկա էր 2018-ին։ Առաջին օրվանից սկսվեցին հարձակումներ ազգային արժեքների, եկեղեցու, մեր պատմության դեմ։ Պետական դավաճանն ասում էր, թե ՀՀ-ն արտաքին քաղաքականություն չի ունեցել, մենք զրոյից ենք սկսում, նույնն ասում էր բանակցային գործընթացի հետ կապված՝ սպասարկելով Ադրբեջանի շահերը, և այդպիսով նա Ալիևին հանեց ծուղակից»:

Դավիթ Շահնազարյանի պնդմամբ՝ 2016-ից ի վեր շփման գծի միջազգայնացման օրակարգը հնարավորություն չէր տալիս Ալիևին պատերազմ սկսել, այդտեղ ՀՀ-ի և միջազգային հանրության դիրքորոշումները համընկնում էին: «Փաշինյանը Հայաստանը տարավ նախապես ծրագրված պարտվողական պատերազմի։ Նա անընդհատ փաստարկներ էր տալիս Ադրբեջանին, որոնք միջազգային հանրության առաջ կարդարացնեին ագրեսիան։ Լավրովը ողջունեց Ադրբեջանի քայլերը և կոչ արեց Հայաստանին կառուցողական լինել, այսինքն՝ միջազգային հանրությունն ու Ադրբեջանն իրար հետ էին, Հայաստանը՝ մեկուսացած։ Ինչպես էլ այս իշխանությունները հեռացվեն, դա կլինի սահմանադրական, քանի որ սահմանադրական կարգը վաղուց է տապալված»,- ամփոփել է Դավիթ Շահնազարյանը:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր