211652_close_icon
views-count1196 դիտում article-date 13:46 20-02-2021

Արցախի ԱԺ խմբակցություններն ուղերձ են հղել Արցախի վերածննդի տոնի առթիվ

Արցախի Հանրապետության  Ազգային ժողովի  խմբակցությունները շնորհավորական ուղերձ են հղել արցախյան ազգային-ազատագրական շարժման 33-ամյա տարեդարձի առիթով․

«Սիրելի΄ հայրենակիցներ,
Ի սրտե շնորհավորում ենք  բոլորիս Արցախի վերածննդի տոնի առթիվ:

Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարը 20-րդ դարի վերջին և 21-րդ դարի սկզբին մարմնավորվեց Արցախով:

1988 թվականի փետրվարի 20-ը խորհրդանշական օր է, քանզի 33 տարի առաջ  փետրվարյան այս օրերին դրվեց մի պայքարի հիմնաքար, որը դարձավ բովանդակ հայ ժողովրդի ազգային մտորումների սևեռակետը:

Արցախյան ազատագրական շարժումը իրականություն դարձրեց հայ ժողովրդի դարավոր երազանքը: Հայկական  աշխարհում ամեն մի իրադարձություն վերջին 33 տարիների ընթացքում մեկնարկեց և իրագործվեց Արցախից ստացած գաղափարական ներուժով և լիցքով:

Արցախը վերարժևորեց հայի արժանապատվությունը և ապրելու կամքն ու վճռականությունը: Հայն այլևս ցեղասպան չէր պատկերվում աշխարհին: Արցախյան ազատագրական պայքարը վերածնեց հային:

Ավա՜ղ, Արցախի Հանրապետությունն այսօր վիրավոր է: Վիրավոր է յուրաքանչյուր հայի ոգի ու ինքնասիրություն:Հաղթանակի բերկրանքն արբեցրել էր մեզ, իսկ դարանակալ ոսոխին նախապատրաստել պատուհասելու մեր գլխին նոր արհավիրքներ:

2020 թվականի  արյունոտ աշնան 44-օրյա պատերազմը  մեզանից խլեց մեր հայրենիքի 3 քառորդը և մի ողջ սերունդ: Բայց հայի վերընձյուղվելու կամքն ու վճռականությունը երբեք թույլ չի տվել հուսահատվել: Փետրվարյան վերածննդի շունչը, որը սերմանեց պայքարի ոգի և մեր հայրենիքի, մեր պետականության համար թափված արյունն ու քրտինքը չպետք է  թույլ տա մեզ ընկրկելու:

Ժամն է վերակազմակերպվելու, վերարժևորելու մեր յուրաքանչյուր քայլ ու ցուցաբերելու մեր պահանջատիրությունը, պահն է մեր պատժիչ բռունցքը ցույց տալու բոլոր նրանց, ովքեր կցանկանան  թերաժևորել մեզ և ոտնահարել մեր իրավունքները:

Փետրվարյան խիզախությունը պետք է մեր ուղեկիցն ու ռահվիրան դառնա և մեզ փոխանցի այն ոգին, որով, անկասկած, վերակենդանանալու և կերտելու ենք մեր հաղթական ապագան:

Կրկին շնորհավորելով բոլորիս  հիշարժան տոնի կապակցությամբ ՝մաղթում ենք խաղաղություն,  բարօրություն և  հաղթանակներ` ի փառս մեր հերոսական ժողովրդի եւ Արցախի Հանրապետության:

Թո΄ղ փետրվարյան  զարթոնքի օրերը նոր վերածննդի էջ բացեն Արցախի պատմության հերոսական մատյանում»:

Նմանատիպ նյութեր