211652_close_icon
views-count1184 դիտում article-date 11:36 20-02-2021

Հանրային ծառայողին վիրավորելու քրեականացում առաջարկող նախագիծը չի կարող ընդունվել այդ ձևով. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը  դիրքորոշում է ներկայացրել հանրային ծառայության մեջ գտնվող անձին վիրավորելու կամ զրպարտելու համար քրեական պատասխանատվություն նախատեսող նախագծի վերաբերյալ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը։

«Հանրային ծառայության մեջ գտնվող անձին վիրավորելու կամ զրպարտելու քրեականացում առաջարկող նախագիծն այդ ձևով ընդունվել չի կարող, հակառակ դեպքում այն անխուսափելիորեն կհանգեցնի կարծիքի արտահայտման ազատության ոչ իրավաչափ սահմանափակման:
 
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» նախագծի ուսումնասիրության արդյունքում Մարդու իրավունքների պաշտպանի իրավական դիրքորոշումները կազմվել են հրատապության սկզբունքով և դրանք կցվում են սույն հայտարարությանը: 

Ընդհանուր եզրահանգումն այն է, որ սկզբունքային առումով մտահոգիչ են նախագծի լուծումները հենց միջազգային իրավական այն մոտեցումների հաշվառմամբ, որոնք վիրավորանքի ու զրպարտության ապաքրեականացման պայմաններում առաջարկում են քրեականացնել հանրային ծառայության մեջ գտնվող ցանկացած անձի, այդ թվում, որ առավել անթույլատրելի է՝ քաղաքական ու, առհասարակ, բարձրաստիճան պաշտոն զբաղեցնողների նկատմամբ նման արարքները: 

Առավել ևս, կարծիքի արտահայտման ազատության իրավաչափ շրջանակներին համահունչ չեն նման արարքների քրեականացումը՝ պայմանավորված հենց ծառայողական պարտականությունների կատարմամբ: Ասված մտահոգություններն էլ ավելի է ամրապնդում ազատազրկման ձևով պատժի նախատեսումն այն դեպքերում, երբ խնդրո առարկա արարքները կատարվել է զանգվածային լրատվության միջոցներով կամ հրապարակային այլ եղանակով: 

Դրանից բացի, նախագծի հիմնավորման մեջ առաջ է քաշվել այնպիսի տրամաբանություն, որը հակասում է միջազգային իրավական մոտեցումներին»: 

ՄԻՊ-ը նաև ներկայացրել է իր կարծիքը վերոնշյալ նախագծի վերաբերյալ։

Նմանատիպ նյութեր