211652_close_icon
views-count1708 դիտում article-date 15:14 19-02-2021

ՌԴ ԱԳՆ-ն բոլոր արտասահմանյան դիվանագետներին հրավիրել է պատվաստվելու «Սպուտնիկ V»-ով. ԱՄՆ դեսպանը մերժել է

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը գրություն է ուղարկել օտարերկրյա բոլոր դեսպանատներին՝ առաջարկելով իրենց աշխատակիցներին անվճար պատվաստել կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V»-ով:

Այս մասին գրում է Meduza-ն, նշելով՝ ընդհանուրն առմամբ խոսքը 12 հազար դիվանագետների և նրանց ընտանիքի անդամների մասին է:

«Շատ երկրներում տարածված է դիվանագիտական կորպուսին պատվաստել կորոնավիրուսային վարակի դեմ», - բացատրել է ԱԳՆ-ն ու հավելել, որ այդ առաջարկությամբ Ռուսաստանը կատարում է միջազգային պայմանագրերով ստանձնած իր պարտավորությունները:

Նշվում է՝ ՌԴ ԱԳՆ այս առաջարկին արտաքին դիվանագիտական ներկայացուցչությունների արձագանքը շատը տարբեր է եղել: Մասնավորապես, ԱՊՀ երկրների, Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի դիվանագետները համաձայնել են պատվաստվել, քանի որ իրենց երկրներում «Սպուտնիկ V»-ը գրանցվել է որպես պատվաստանյութ:

Այնուամենայնիվ, Մոսկվայում ԱՄՆ դեսպան Ջոն Սալլիվանը հայտնել է, որ չի պատրաստվում պատվաստվել, քանի որ «չի ցանկանում ընդունել այն դեղաչափը, որը նախատեսված է ՌԴ քաղաքացու համար»: Չնայած դեսպանի հայտարարությանը՝ Միացյալ Նահանգների դեսպանատան մի շարք աշխատակիցներ խնդրել են պատվաստվել ռուսական պատվաստանյութով, քանի որ կասկածներ ունեն՝ մոտ ապագայում իրենք չեն կարողանա ստանալ ամերիկյան Moderna և Pfizer ընկերությունների կողմից ստեղծված դեղամիջոցը:

Ինչ վերաբերում է Եվրամիության անդամ երկրների մի քանի դեսպանատների աշխատակիցների պատվաստմանը, ապա այս դեպքում ԵՄ-ից հայտնել են, որ խորհուրդ չի տրվում օգտագործել «Սպուտնիկ V»-ը, քանի դեռ չի հաստատվել Եվրոպական դեղերի գործակալության (EMA) կողմից:

Հիշեցնենք՝ Ռուսաստանում արդեն պատվաստվել են Մոնղոլիայի, Իսպանիայի, Բելառուսի դեսպանությունների աշխատակիցները:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, ներկայում ԵՄ շուկայում թույլատրվում են Pfizer/BioNTech (գնվել է շուրջ 600 միլիոն դեղաչափ), Moderna (գնվել է 160 միլիոն դեղաչափ) և AstraZeneca (գնվել է մոտ 400 միլիոն դեղաչափ) ընկերությունների կողմից արտադրված պատվաստանյութերը: Բացի այդ, Եվրոպական հանձանաժողովը ԵՄ-ին պատվաստանյութեր մատակարարելու առնչությամբ պայմանագրեր է կնքել Johnson & Johnson, Sanofi-GSK, CureVac ընկերությունների հետ:

Ռուսաստանի առողջապահության նախարարությունն օգոստոսին գրանցել էր կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը, որը մշակվել Է Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրԷաբանության ազգային հետազոտական կենտրոնում (ՀՄԱՀԿ)՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի հետ համատեղ: Այն ստեղծվել Է մարդու ադենովիրուսային վեկտորների բազայի վրա և ստացել Է «Սպուտնիկ V» անվանումը: Այն լուծույթ Է՝ միջմկանային ներարկման համար:

Նմանատիպ նյութեր