211652_close_icon
views-count21259 դիտում article-date 20:14 18-02-2021

Ապագա սրտաբանը փաստում է՝ պատերազմում բժիշկն անտեսում է սեփական կյանքն ու առողջությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ysmu.am-ը գրում է. ԵՊԲՀ շատ սովորողներ պատերազմական օրերին ոչ միայն ամուր թիկունք դարձան բժիշկների համար, այլև աչքի ընկան իրենց հերոսություններով՝ բարձր պատասխանատվությամբ կատարելով իրենց առջև դրված խնդիրները, բուժօգնության ցուցաբերելով վիրավորներ զինծառայողներին, ընկերներին:

Նրանց թվում է նաև Մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի կլինիկական օրդինատոր Տիգրան Ռոստոմյանը, ով պատերազմի առաջին իսկ օրվանից եղել է  Ստեփանակերտի բժշկական կենտրոնում և հոսպիտալում, շտապօգնության մեքենաներով Գորիս և Երևան է տեղափոխել վիրավոր զինծառայողների:

Խոսելով կատարած աշխատանքների և դժվարությունների մասին, ապագա բժիշկը նկատում է.  «Պատերազմական պայմաններում աշխատելիս, բժիշկն անտեսում է սեփական կյանքի նկատմամբ վտանգն ու առողջությունը, անում անհնարինը՝ մեր հերոս վիրավոր զինվորներին  բուժօգնություն ցուցաբերելու և բարեհաջող հիվանդանոց հասցնելու համար»։

Տիգրանի խոսքով՝ պատերազմը բոլորի կյանքում շատ բան է փոխել. «Մեզ ՝ բժիշկներիս, հոգեպես ավելի ամուր է դարձրել։ Անցնելով արկերի  պայթյունների միջով, չմտածելով մահվան մասին, առաջ  ենք շարժվել: Սեփական մաշկի վրա զգալով մահվան վտանգը, ավելի ես արժևորում կյանքը՝ այն, որ ուղղակի շարունակում ես ապրել»։ 

Տիգրան Ռոստոմյանը ապագա սրտաբան է, սովորում է կլինիկական օրդինատուրայի երրորդ կուրսում:  Դեռ մանկուց է երազել բժիշկ դառնալ:


«Դպրոցական տարիքից ինձ դուր էր գալիս բժշկի առաքելությունը` մարդկանց օգնելը և բուժելը: Եվ երբ արդեն սովորում էի բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետի առաջին կուրսում, ընտրեցի նաև նեղ մասնագիտացումը: Այդ ընթացքում հայրս սրտամկանի ինֆարկտ ստացավ, և ես որոշեցի ընտրել սրտաբանի մասնագիտությունը, որպեսզի կարողանամ օգնել և բուժել հայրիկիս»,-պատմում է ԵՊԲՀ սովորողը:

Ըստ նրա ՝ բժշկի ամենակարևոր հատկանիշներից մեկը հիվանդի նկատմամբ հոգատար վերաբերմունքն է, համբերատար և մարդասեր  լինելը, ինչպես նաև անվերջ  սովորելու և մասնագիտության մեջ հմտանալու ցանկությունը. «Ազատ ժամանակ ինքս էլ փորձում եմ  ավելի  կատարելագործել մասնագիտական  հմտություններս,  ինչպես նաև սիրում եմ զբաղվել սպորտով»: 

Ապագա սրտաբանը  մաղթում է մեր երկրին խաղաղ երկինք, իսկ սպիտակ բանակի ներկայացուցիչներին՝ այլևս երբեք ստիպված չլինի գնալ առաջնագիծ և միշտ աշխատել թիկունքում։


 

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+

Նմանատիպ նյութեր