211652_close_icon
views-count1431 դիտում article-date 21:20 17-02-2021

Այսօր լրանում է հակաականային գործունեության ազգային մարմնի՝ «Հումանիտար Ականազերծման և Փորձագիտական Կենտրոն» ՊՈԱԿ-ի գործունեության 10 տարին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

1990-ականների պատերազմից և ռազմական տևական գործողություններից հետո Հայաստանի պետական սահմաններին և մերձակա բնակելի տարածքներում սաստկացավ ականների վտանգը։ Դրանց իրական սպառնալիքի կողքին այսօր էլ ապրում է ավելի քան 35 000 մարդ: Այդ իսկ պատճառով, գերնպատակն էր ապահովել վտանգավոր գոտիներում ապրող այս մարդկանց անվտանգ ու ապահով կյանքը: Դառնալ վստահելի երաշխիք ապրելիք կյանքի և պարզ կենցաղ վարելու համար:

Մինչև 2011 թվականը Հայաստանի ականային գործողությունների ծրագիրն իրականացվում էր ՀՀ Զինված ուժերի կողմից, բայց արդեն անհրաժեշտություն էր առաջացել հիմնել հակաականային գործունեության մի նոր, առանձին կառույց, որը ոչ միայն պետք է քարտեզագրեր, նշագրեր, վնասազերծեր այս տարածքները, այլև՝ կատարեր ևս մեկ կարևորագույն առաքելություն. պետք է մեծացներ ականների վերաբերյալ իրազեկումը հանրության շրջանում: Այն ենթադրում էր անվտանգության կանոնների ուսուցում, աջակցություն և առաջին օգնության տրամադրում ականից տուժածներին։ Ինչպես նաև՝ ռեզերվների ոչնչացնում, հակահետևակային և հակահրասայլային ականների կիրառման դեմ ուղղված քարոզչություն։

Այսպիսով, 2011 թվականի փետրվարի 17-ին ՀՀ կառավարության N 143-Ն որոշմամբ հիմնադրվեց Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն (պետական ոչ առևտրային կազմակերպություն)-ը։ Եվս մեկ որոշմամբ 2014 թվականի ապրիլի 23-ին ՀԱՓԿ ՊՈԱԿ-ը ճանաչվեց ականազերծման գործողությունների ազգային մարմին: Ըստ այդմ, հակականային գործողությունների ազգային ծրագրի կանոնակարգումը, կառավարումն ու համակարգումն իրականացվում են ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի միջոցով:

2012-2013թթ. ՀԱՓԿ ՊՈԱԿ-ը Շվեցարիայի ականազերծման հիմնադրամի (FSD) հետ համատեղ իրականացրեց հետազոտության աշխատանքներ։ Դրա արդյունքում հայտնաբերված և առանձնացված հաստատված վտանգավոր տարածքները որակվեցին 131՝ Տավուշում, Սյունիքում, Գեղարքունիքում, Վայոց ձորում, ընդհանուր մակերեսը՝ 47 141 124 մ2: Նշված տարածքներում բնակչության թիվը կազմում էր 34 723 մարդ։

2013 թվականից ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի տեխնիկական առաջարկի հիման վրա, ԱՄՆ պետդեպարտամենտի PM/WRA գրասենյակի ֆինանսական աջակցությամբ սկսվեցին այս տարածքների ականազերծման աշխատանքները։ 2014-ին ՀԱՓԿ ՊՈԱԿ-ը շարունակեց մաքրման աշխատանքները հաստատված վտանգավոր տարածքներում։
2014-2020թթ․ տեխնիկական հետազոտության և մաքրման գործընթացում հայտնաբերվել և ոչնչացվել է հակահետևակային՝ ՊՄՆ-2, ՕԶՄ-72 ականներ, տարբեր տրամաչափերի (82մմ, 100մմ, 122մմ և այլն) պայթուցիկներ, ինքնաշեն զինամթերք։ Ընդհանուր առմամբ՝ 122 զինամթերք 333.015քմ․ ականապատ տարածքում։

Այս պահին էլ, 01.02.2021 թ.-ի դրությամբ Հայաստանում դեռևս կա ականային վտանգ պարունակող 120 տարածք, որոնց ընդհանուր մակերեսը կազմում է 17 636 470 քառակուսի մետր:

Հայաստանում իրականացվող աշխատանքներին զուգահեռ, 2019 թվականի փետրվար 8-ից ՀԱՓԿ ՊՈԱԿ-ը մարդասիրական առաքելություն է իրականացնում Սիրիայի Արաբական Հանրապետությունում։ Առաջին օրվանից մինչև այսօր ականզերծվել է 329.850 քմ ականապատ տարածք և հայտնաբերվել է ավելի քան 359 պայթուցիկ նյութ: Իսկ մեր բժիշկների խումբն իր օգնությունն է ցուցաբերել ընդհանուր առմամբ 27 016 հիվանդի:

ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի գործառույթներից է նաև ականներից տուժած անձանց տվյալնների բազայի ստեղծումը։ Այսօր Հայաստանում ունենք ականների պայթյունից տուժած ավելի քան 700 քաղաքացի:

ՀԱՓԿ ՊՈԱԿ-ն ամեն տարի ավելի քան 10 հազար մեր քաղաքացու տեղեկացնում է անվտանգ վարքագծի կանոններին։ Այս ուղղությամբ 2015 թվականին ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի օժանդակությամբ նկարահանվել է անվտանգ վարքագծի կանոնների մուլտֆիլմ ցածր տարիքի լսարանի համար։ 2016 թվականին նկարահանվել է ԱՎԻ ֆիլմ բարձր տարիքի լսարանի համար, 2017 թվականին՝ ԱՎԻ տեսահոլովակ՝ դոնորական աջակցության խթանման նպատակով։

ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի ուսումնական կենտրոնում այս տարիներին մշտապես կազմակերպվել են վերապատրաստման դասընթացներ ՀՀ ԶՈւ տարբեր ստորաբաժանումների, ԱԻՆ-ի, ոստիկանության, Կարմիր Խաչի Ընկերության և «ՀԱՓԿ»-ի անձնակազմերի հետ: Առաջին օրվանից մինչև օրս այստեղ վերապատրաստվել, ուսուցանվել և որակավորում են ստացել ավելի քան 2000 ունկնդիր։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Այսօր լրանում է հակաականային գործունեության ազգային մարմնի՝ ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի գործունեության 10 տարին։ 1990-ականների...

Опубликовано Հումանիտար Ականազերծման և Փորձագիտական Կենտրոն ՊՈԱԿ Среда, 17 февраля 2021 г.

Նմանատիպ նյութեր