211652_close_icon
views-count1871 դիտում article-date 20:54 15-02-2021

Պահպանելով ավանդական մշակույթի ավանդույթները. Հայաստանի Ազգային գրադարանում բացվեց հայկական ծեսերին նվիրված ցուցադրություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայաստանը համայն աշխարհին հայտնի է իր գեղեցիկ ու դարավոր ավանդույթներով ու ծեսերով, որոնք փոխանցվել են սերդնեսերունդ: Այսօր ցավոք դրանցից շատերը գրեթե չեն պահպանվում:

Հայկական ծեսերի մասին են անդարձել ինչպես հայ,այնպես էլ օտարազգի պատմիչներ ու ազգագրագետներ: Հայաստանում այսօր էլ կան մի շարք կազմակերպություններ, որոնք ժամանակ առ ժամանակ պահպանում ու ներկայացնում են դրանք, ավանդական ուտեստներն ու տոնակատարություններն ինչպես մեր, այնպես էլ արտերկրում:

Այպիսով՝ հայկական մշակույթը չէր պահպանվի և սերնդեսերունդ չէր փոխանցվի, եթե գոյություն չունենային դրան նպաստող որոշակի միջոցներն ու հանգամանքները։Դրանցից կարող ենք առանձնացնել պատմության ընթացքում ձևավորված ծեսերը:

Մի քանի խոսքով ներկայացնենք ծեսի նշանակությունը մարդկության կյանքում:Սա ավանդական, կամ սահմանված կանոններով կատարվող կրոնական արարողություն է, որին հավատացյալները վերագրում են մոգական և խորհրդավոր հատկություններ: Ծեսը լայն տարածում ունի հավատալիքներում, կրոնում, կենցաղում, մարդկային հարաբերություներում և այլուր: Ծեսը խորհրդանշական ձևերով վերարտադրում է նաև ժողովրդի անցյալի կարևոր փուլում կատարված իրադարձությունները և դրանց միջոցով ապահովում ազգի, հասարակության միասնականությունն ու հարատևությունը:

Ծես  նշանակում է նվիրում, ընտելացում տվյալ կրոնին և արժեքների համակարգին, ազգութանը, պետությանը:  Ծեսերն աչքի են ընկնում իրենց պատմական և ճանաչողական արժեքներով: Դրանք ստեղծվում են ոչ թե պատահական դեպքերի շուրջ, այլ ժողովրդի համար կենսական նշանակություն ունեցող իրադարձությունների կապակցությամբ: Ծեսերի շնորհիվ պահպանվել և դարեդար են փոխանցվել ազգային կյանքի բոլոր էական կողմերը, արտացոլել  էթնոսին բնորոշ առանձնահատկությունները:

Դարերի ընթացքում հարատևած ծեսերի բովանդակությունն իր բազմակողմանի ազդեցությունն է ունեցել այդ էթնոսի առօրյա կյանքի, կենցաղի, հոգեբանության և աշխարհայացքի վրա:Եթե մշակույթի ժառանգորդման առաջին ձևը համարենք ծեսը, ապա երկրորդը ծիսակարգն է:Այն ներառում է ավանդական գործողություններ, որոնք ուղեկցում են մարդուն, հանրությանը կյանքի և գործունեության կարևոր պահերին:

Ծիսակարգը մարմնավորում է մարդկանց վարքի տարբեր կողմերը: Եթե սովորույթը մարմնավորում է ամենօրյա վարքային նորմերը, ապա ծիսակարգին դիմում են միայն արտակարգ, ոչ ամենօրյա իրավիճակներում (ծնունդ, կնունք, պսակադրություն, մահ, և այլն): Հին հայկական ավանդական ծեսերի շարքին է պատկանում 40-օրական Հիսուսի ընծայումը տաճարին կամ Տեառնընդառաջը: Յուրաքանչյուր տարի այն տոնում ենք փետրվարի 13-ին:Այս տարի այն Հայ առաքելական Սուրբ եկեղեցին տոնեց  փետրվարի 14-ին: Տոնի նախօրեին՝ ավանդույթի համաձայն փետրվարի 13-ին, երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է նախատոնակ՝ ավետելով Տերունի տոնի սկիզբը: Եկեղեցու կանթեղներից վերցված կրակով վառվում են խարույկներ, և արվում են տոնական ծիսակատարություններ:

Ծեսերին նվիրված մի շատ գեղեցիկ ցուցադրություն էր կազմակերպվել հայ գրքասեր ու արվեստասեր հասարակության մշակութային օջախներից մեկում՝ Հայաստանի Ազգային գրադարանում ս.թ փետրվարի 15-ին: Եվ ահա  գրադարանի արվեստի գրականության և ոչ գրքային հրատարակությունների բաժնի ընթերցասրահում ներկայացվեց ցուցադրություն՝ նվիրված հայկական յուրօրինակ ծեսերին:Այստեղ հայերեն, ռուսերեն ու անգլերեն լեզուներով ներկայացված էին տարբեր գրքեր, ալբոմներ ու բրոշյուրներ, որոնք պատմում էին հայ ավանդական ծեսերի, դրանց ծագման ու արարողակարգի, մի քանի տոնածիսական ուտեստների բաղադրատոմսեր և այլն: Նշենք, որ ցուցահանդեսը գործելու է երկու օր:Վերջում նշենք,որ ծեսերն ու ժողովրդական սովորույթները միշտ էլ կարևոր նշանակություն են ունեցել հայ ժողովրդի պատմության ընթացքում: Դրանք մեծ դեր են խաղացել մեր ինքնության, ազգային դիմագծի ու արժեհամակարգի պահպանման, ինչպես նաև մեր մշակույթը սերնդեսերունդ կրելու ու փոխանցելու գործում:

Այսպիսով, հանդես գալով որպես հասարակական կյանքի հոգևոր ոլորտի խտացումներ՝ ծեսերը, սովորույթները անգնահատելի դեր ունեն` յուրովի լրացնելով ավանդույթի ընդհանուր կառույցի առանձին կողմերը, որի շնորհիվ ավանդույթը դառնում է միասնական և ներդաշնակ մի ամբողջություն:Դրանցում ժողովուրդը հանդես է գալիս և՛որպես ստեղծագործ,և՛որպես գործիչ, և՛ որպես քննադատ:

Նյութը՝   Գարիկ Ավետիսյանի
Լուսանկարները՝ Սիրարփի Կարապետյանի  

 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր