211652_close_icon
views-count72961 դիտում article-date 18:36 15-02-2021

Մահվան ելքով վրաերթ կատարած, դեպքի վայրից հեռացած 31–ամյա վարորդը ինքնակամ ներկայացել է ոստիկանություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝   երեկ՝  փետրվարի 14-ին,  ոստիկանության Նոր Նորքի բաժին է ներկայացել Երևանի բնակիչ, 31-ամյա Խաչիկ Միքայելյանը և հայտնել, որ  ժամեր առաջ իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Կոտայքի մարզի Հրազդան-Ծաղկաձոր ճանապարհին՝ Ջրառատ թաղամասում,  վրաերթի է ենթարկել հետիոտնին, որից հետո հեռացել է դեպքի վայրից:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս,  ինչպես  նաև Opel մակնիշի ավտոմեքենան, տեղափոխվել են ոստիկանության Հրազդանի բաժին, որտեղից էլ  Խ. Միքայելյանը ներկայացվել է Հայաստանի քննչական կոմիտեի  Կոտայքի մարզային քննչական վարչություն:

Ավտոմեքենան քննիչի հանձնարարականով տեղափոխվել է ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, փետրվարի 13-ին, մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23:25-ի սահմաններում, «Հրազդան» բժշկական կենտրոնից Ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ էր տեղափոխվել մի քաղաքացի։

Հիվանդանոց էր մեկնել Ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Ղազարյանի, բաժնի պետի անձնակազմի գծով տեղակալ Պետրոսյանի գլխավորությամբ։

Ժամանել էին նաև Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։

Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Երիցյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ մահացածը Հրազդան Միկրոշրջան թաղամասի բնակիչ 28-ամյա Թելման Մուրադյանն էր, ով նույն օրը՝ ժամը 23։00-ի սահմաններում, Հրազդան-Ծաղկաձոր ավտոճանապարհի Ջրառատ թաղամասի 505 տան դիմաց անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի կողմից վրաերթի է ենթարկվել, որից հետո վարորդը, նրան թողնելով անօգնական, դիմել է փախուստի։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր