211652_close_icon
views-count1718 դիտում article-date 23:57 14-02-2021

Էդուարդ Աբրահամյան. Հայաստանի նախկին, ներկա ու ապագա կարգավիճակը կամ լրջանալու ժամանակը

Քաղաքագետ Էդուարդ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«2021։ Հայաստանի նախկին, ներկա ու ապագա կարգավիճակը կամ լրջանալու ժամանակը

Դոկտորական թեզիս հիմնական ակադեմիական նորույթն ու առանցքը, որը որոշակի լուծում է տալիս փոքր պետությունների ադեկվատ դասակարգման հիմնախնդրին՝ Փոքր Տերության Վարվելակերպ (Small Power Сonduct) տեսական կոնցեպտցիան է։ 

Կամ` <<Փոքր Ուժի Վարքագիծ>>։

Այն վերաբերում է գիտական դիսկուրսի արդյունքում ճանաչված ոչ տիպիկ վարքագիծ դրսևորող փոքր պետություններին, որոնք, իմ կողմից մշակված ինդուկտիվ-համակարգային տեսական կոնցեպտի համատեքստում, իրենց արտաքին քաղաքական դիրքավորման մեջ և պետական շահի հետապնդման պարագայում, հիմնականում կամ ամբողջությամբ հենվում են սեփական ուժային կարողության հաշվին գործող արտաքին ռազմավարության վրա` նպատակ ունենալով հօգուտ իրենց փոխել կամ վերաձևակերպել իրենց տարածաշրջանային միջավայրը։

Այդ թվում, այն փոքր երկրները, որոնք ոչ միայն ունակ են գեներացնել տարածաշրջանային ազդեցություն պարունակող/հետապնդող դիրքավորում, այլ նաև ներգրավված են «ուժային խաղ»-ի մեջ, օրինակ՝ հակըննդեմի բալանսավորում սպառնալիք համարվող հարևան մեծ տերության նկատմամբ, կամ երկարաժամկետ ռազմա-քաղաքական մրցակցություն նմանտիպ հավակնություն ունեցող նույն դասի օպոնենտ փոքր պետության հետ։

ա) Փոքր Տերության տեսական կոնցեպցիայի առաջնային տարբերակվող հատկանիշը կայանում է այդ պետության նյութական ու ոչ նյութական ուժի վրա արտաքին քաղաքական գործիքակազմ ձևավորելու ունակություն ունենալու մեջ։ 
Ենթադրվում է, որ այն կարող է գեներացնել և անհրաժեշտության դեպքում կիրառել թե՛ նյութական  թե՛ ոչ դասական քաղաքական ազդեցությունից բխող ուժ՝ պաշտպանելու իր արտաքին շահերը: Այստեղ կարևոր է արձանագրել, որ, կիրառելով զինված ուժերն ու պաշտպանական-անվտանգային ռեսուրսի կարողությունները որպես արտաքին քաղաքական գործիք, փոքր պետությունն իր վրա է վերցնում անվտանգային բնույթի պարտավորվածություններ՝ ինքնուրույն մարտահրավեր նետելով այդ պահին գործող տարածաշրջանային կարգին՝ միևնույն ժամանակ առաջ մղելով իր առաջարկած ռեգիոնալ աշխարհակարգի մոդելը, որն առավելագույնս սպասարկում է սեփական ազգային շահը։
Օրինակ՝ Հայաստանը մինչև սեպտեմբերի 27-ը իր առանցքային պետական շահն էր համարում Արցախի և արցախահայության անվտանգության համապարփակ երաշխավորումն ու ապահովումը։ Դասական հետազոտության տեսանկյունից դիտարկելու դեպքում, այս բնույթի մարտահրավերն արդեն իսկ փոքր պետության համար ոչ տիպիկ դրսևորում է։
բ) Փոքր Տերության վարքագիծ դրսևորող փոքր պետությունը ձգտում է բարձրացնել սեփական արտաքին ազդեցությունը միջազգային համակարգի վրա և մեծ պետությունների տարածաշրջանային ռազմավարությունները դարձնել իր շահերին առավելապես համապատասխան։ Ձգտելով ավելի մեծացնել սեփական արտաքին քաղաքական կշիռը գերտերությունների աչքերում ՝  Փոքր Տերությունը ձգտում է իրականացնել մի այնպիսի քաղաքական խաղ, որպեսզի կարողանան ազդեցություն ունենալ գերտերությունների կամ միջին տերությունների՝ Փոքր Տերության միջավայր հանդիսացող տարածաշրջանի նկատմամբ և նրանց ռազմավարության վրա։ Հիմնական նպատակը՝ սեփական պետության և գերտերության տարածաշրջանային շահերը համադրել այնպես, որ մեծ տերության ռազմավարության իրականացումն այդ տարածաշրջանում մեծամասամբ հենվի այդ Փոքր Տերության վարքագիծ ունեցող պետության տեսլական-օրակարգը սպասարկելու վրա՝ մեծ տերության համար ստանձնելով հստակ դերակարարություն տվյալ ռազմավարության մեջ։ Մեր տարածաշրջանում նման երկիր դառնալու նկրտում ունի նույն Վրաստանը։
գ) Փոքր Տերությունը ունի հավակնություն լինել իր միջավայրում կամ տարածաշրջանում օրակարգ թելադրող (agenda setter), ինչին, դասական տեսությունների համաձայն, վերջինս ընդունակ չէ։
դ) Փոքր Տերությունն ընդունակ է ռազմա-քաղաքական դիմակայության մարտահրավեր նետել կամ ընդունել` հասնելու պետական շահերի իրագործման ի հեճուկս այլ պետության հետ ռազմա֊քաղաքական մրցակցության ու օպոնենտային դիմակայության միջոցով կամ բազմաբնույթ (այդ թվում նաև ռազմա-քաղաքական) մրցակցության ճանապարհով։ Պարզ ասած, փոքր պետությունը դառում է Փոքր Տերություն, երբ այն նախաձեռնում կամ ներքաշվում է երկարատև ռազմա-քաղաքական հակամարտության կամ պետական-համակարգային մրցակցության մեջ մեկ այլ հարևան (փոքր) պետության հետ և իր ռազմավարության մեջ կիրառում է դասական զսպում (deterrence), ավելի մարտունակ և նորարարական լինելու դեպքում՝ կանխատեսում և ակտիվ զսպում է (active deterrence and providence)` իր կանխարգելիչ հարվածի (pre-emptive strike), և նախահարձակ հարվածի (preventive strike) կոնցեպտուալ սկզբունքներով։

Օրինակ՝ Հայաստանը 1992ից ի վեր ստանձնել էր Արցախի հայ բնակչության ֆիզիկական պաշտպանության հարցն ու վերջինիս սահմանների անվտանգությունը։ Շուրջ 27 տարի այդ պարտավորության շնորհիվ, Հայաստանը գիտակցաբար կամ անգիտակցաբար դիրքավորվել էր որպես Փոքր Տերություն՝ ձգտելով տարածաշրջանում հաստատել իր պատկերացրած ուժային բալանսը, որը շատ թե քիչ հաջողվում էր պահպանել մինչև 2020թ․նոյեմբերի 10-ի եռակողմ համաձայնագիրը։ 
Այդ ընթացքում Հայաստանը ընդունեց Ադրբեջանի՝ իրավիճակի հետ չհամակերպվելու փաստը և ընդունեց վերջինիս նետած ռազմա-քաղաքական համակարգային մրցակցության մարտահրավերը։ Թուրքիայի և Ադբրեջանի կողմից իրականացվող տնտեսական շրջափակումը չստիպեց Երևանին փոխել միջազգային հարաբերություններում իր դիրքավորումն ու փորձեց առաջ մղել տարածաշրջանային դասավորվածության սեփական օրակարգը՝ չնայած շատ ամփույթ, առանց խելամիտ ռազմավարության՝ իներտ ու պասիվ։
Նույնը փորձեց անել Վրաստանը 2008ին, սակայն Ռուսաստանի միջամտության պատճառով՝ տապալեց։

Նույնը արեց Ադրբեջանը 2011ի Կազանից հրաժարվելուց հետո, հետևողականորեն նախապատրաստվելով 2020ի սեպտեմբեր 27ին։ Ընդհանուր առմամբ Ադրբեջանը պրակտիկորեն հասատատեց իր տեսականորեն Փոքր Տերություն լինելու կարգավիճակը։

Հայաստանն ու Ադրբեջանը, այս պրիզմայի մեջ դիտարկելիս, իրենց միջև երկարատև ռազմա-քաղաքական դիմակայությունն ու ռազմական ուժի ցուցադրման հետևանքով  կարող էին դասակարգվել որպես Փոքր Տերություններ, որոնք, համաձայն իմ տեսական կոնցեպցիայի փիլիսոփայության, տարածաշրջանում իրականացնում էին ստորին մակարդակի փոքր ուժային մրցակցային խաղ՝ տարածաշրջանում իրենց գործոնն ապահովելու և մեկը մյուսին խոչընդոտելու հասնել ստորին աստիճանի տարածաշրջանային ուժային գերակայության /lower level regional power dominance/։

Ստորին աստիճանի Փոքր Տերությունների կոնտեստային ռազմա-քաղաքական կոնֆիգուրացիան հիմնականում մնաց անփոփոխ, եթե հաշվի չառնենք հակամարտող ուժերի նախ 2016ի ապրիլյան պատերազմի ադրբեջանական դոմինանտության ակնհայտ հավակնության արտահայտումը և 2020ի հուլիսյան Թալիշ/Թովուզ միջադեպի մրցակցային պարադիգմայի շրջանակներում Հայաստանի դոմինանտության հավակնության դրսևորումը։

ե) Ի տարբերություն բազմաթիվ փոքր պետությունների, Փոքր Տերությունն իր առջև ունենում է օրակարգ՝ գեներացնել փափուկ ուժի գործիքակազմ՝ նպատակ ունենալով ազդել իրենից մեծ պետությունների կամ գերտերությունների իր տարածաշրջանի նկատմամբ նրանց վարվող արտաքին քաղաքականության ու առաջնահերթությունների պրոյեկտման վրա։ 

Եվ քանի որ ողջ Հայաստան-Ադրբեջան ռազմա֊քաղաքական մրցակցության գծային տրամաբանությունը հիմնված է եղել «խաղ զրոյական հաշվով» սկզբունքի վրա, հետևաբար Հայաստանի պարտությունն ու Ադրեբջանի հաղթանակը նույմպես չոր զրոյական խաղի արդյունք է։

Հայաստանի շահերը ոտնահարվեցին ու զիջվեցին ամբողջությամբ, Ադրբեջանի նկրտումները հիմնականում ամբողջությամբ բավարարվեցին ու շարունակվում են բավարարվել Հայաստանի կողմից ըստ էության վիճելի սահմանագծի հաշվին՝ ստիպելով Երևանին գնալ խորհրդային ներքին տարածքային ադմինիստրատիվ բաժանարար գծի վրա, որոնք անկախ Հայաստանի պետական սահման գործնական առումով երբեք չի եղել։ 

Այսպիսով, շոշափելի ռազմավարական առավելություններ է ստանում Ադրբեջանն ու հաստատվում տարածաշրջանում որպես ցածր մակարդալի ռեգիոնալ ուժային գերակա (lower level regional power dominant): Իսկ Հայաստանը լավագույն դեպքում հայտնվում է դասական թույլ պետության (weak state) կարգավիճակում, իսկ վատագույն` միկրո֊պետության, որի միակ ֆունկցիան ու դերակատարությունը` սպասարկել այլ երկրի տարածաշրջանային օրակարգը։ Հայաստանի համար` աննկարագրելի անվտանգային, տնտեսական, ժողովրդագրական ու հոգեբանական հարված, որից դուրս գալու համար հետագայում առնվազն չպետք է համաձայնվել այդ սահմանագծի իրողության հետ։

27 տարի անց Հայաստանը, որը ուժի միջոցով պաշտպանեց Արցախը, 1994 ին փաստորեն ուներ ստորին աստիճանի միակ խաղացողի կարգավիճակ․ այն ուներ համակարգ, բանակ ու ունակ էր եղել տարածաշրջանում կարգ թելադրել՝ ի տարբերություն երկու հարևանի (նաև Ռուսաստանի) ունենալ տարածքային ձեռքբերում։ Սակայն այս յուրահատուկ բարենպաստ իրավիճակը խելամտորեն չօգտագործվեց ու հաղթանակը ռազմադաշտում չկապիտալիզացվեց արտաքին ու տնտեսական քաղաքականության մեջ, չդարձավ մեծ ռազմավարություն։ Նույն կերպ մսխվեց ու չօգտագործեց ձեռք բերված աշխարհաքաղաքական արժեքն ու գրավչությունը` Հայաստանի արտաքին քաղաքական ազդեցությունն ու կշիռը մեծացնելու համար, նախագծելով և կիրառելով փոքր պետությունների համար հաճախ բնորոշ խելամիտ ռազմավարություններ։

Իրավամբ, միջազգային հարաբերությունների մետաֆիզիկան չի ներում հնարավորություններից օգտվել չցանկացողներին, լավ առիթները բաց թողնողներին։ 
Հետխորհրդային աշխարհակարգը համարձակ ու համառ փոքր պետությունների շրջանի սկիզբն էր։ Փոքր պետությունների յուրահատկությունն ի տարբերություն մեծերի, կայանում է նրանում, որ նրանք ունեն մշտապես զարգացող իրականության ու կոնֆիգուրացիաներին արագ ադապտացվելու ու ոչ ուղղահայաց ազդեցություն գեներացնելու հնարավորություն։ Այս հատկանիշը հնարավորություն է տալիս ժամանակակից փոքր պետություններին նախ կրճատել մեծ երկրների հետ դիսբալանսը և դառնալ գրավիչ վերջինների համար` քաղաքական առևտուր անելու տեսանկյունից։

Բազմաբևեռ աշխարհակարգն էլ իր հերթին ժամանակակից փոքր պետությաններին դրդեց լինել հնարավորություն փնտրող կամ հնարավորություն ստեղծող, ու հատկապես հիմա`  ասպարեզ եկող Չորրորդ Ինդուստրիալ Հեղափոխության դարաշրջանում։ 
Հետևաբար, նոեմբերի 10-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունը դադարեց գոյություն ունենալ որպես երկիր, որն ուներ մեծ պոտենցիալ միջազգային հարաբերություններում դիրքավորելու որպես Փոքր Տերություն։ Կապիտուլատիվ փաստաթղթի ստորագրման պահից Հայաստանը սկսեց դասակարգային լուրջ անկում արձանագրել՝ դառնալով խոցելի թույլ պետություն կամ ինչն ավելի վատ է՝ պոտենցիալ միկրոպետություն, որն ունակ չէ պրոյեկտել սեփական ազգային շահ, և դրա վրա հիմնված որևէ արտաքին քաղաքական ազդեցություն։

Ադրբեջանը, սակայն, հաստատեց իր Փոքր Տերություն լինելու կարգավիճակը` դաս տալով ոչ միայն մեզ, այլ նաև աշխարհի փոքր, միջին ու մեծ խաղացողներին։ Ճիշտ այնպես, ինչպես մենք 1994ին, թեկուզ և այն ժամանակ մեր պետականության ու արածի արժեքը լիովին չգիտակցելով, 15 խորհրդային երկրներից միակն էինք, որ ոչ միայն արագ ձևավորեց գոնե ինչ-որ մի կերպ գործող պետական համակարգ, այլ նաև ունակ եղավ ապահովելու սեփական պետական շահի սպասարկում ու իրականացում ռազմական ներուժի միջոցով։ Սակայն շատ հնարավորություններ չօգտագործվեցին, կամ բաց թողնվեցին հենց Հայաստանի իրար հաջորդող քաղաքական էլիտաների կողմից, որոնք հիմնականում կամ ունակ չէին պրոյեկտել սուվերեն պետական շահ՝ Փոքր Տերության տրամաբանության մեջ, կամ առաջնորդվում էին թույլ պետության հոգեբանությամբ ու մենթալիտետով։ 

Հայաստանը չձգտեց դառնալ էֆեկտիվ ինստիտուտների, ինովացիոն, մրցակցային պետություն իր տարբերակվող շահով ու դերակատարությամբ, ինչը բնորոշ չէ ներկա աշխարհակարգի հաջողակ փոքր պետություններին։ Ընդհակառակը՝ ձգտեց ինքնամեկուսացման ու պասիվ, ըստ էության կործանարար միավեկտորության ու երբեք չդարձավ «իր վրա ռիսկ ու մարտահրավեր վերցնող» ու ինքն իր համար «հնարավորություն ստեղծող» փոքր պետություն։ Այս դարաշրջանը փոքր պետությունների համար մտավոր ունակությունների+պրոֆեսիոնալ մաանագետների սինթեզից ստեղծված <<խելամիտ ռազմավարություններն>> են, որոնք Հայաստանում տարիներ շարունակ անլուրջ էին հմարվում։ Ինչ խոսք, ժամանակը դաժան պատժել գիտի ծույլին, վախկոտին, ապիկարին ու սեփական կեղծ գրագիտության հետևանքով ինքնավստահ մեծամիտին։

Վերադառնալով Ադրբեջանի իր Փոքր Տերության կարգավիճակի վերահաստատմանը՝ այն փաստորեն ձեռնոց նետեց առնվազն երեք հիմնական գերտերությունների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի նախկինում առաջ տարվող դիրքորոշմանն առ այն, որ ղարաբաղյան հիմնախնդիրը ռազմական լուծում չունի և որ հիմնախնդիրը պետք է լուծել խաղաղ ճանապարհով։ 

Ընդդիմանալով սրան, Ադրբեջանը ոչ միայն զինվեց, բարձրացրեց իր երկրի արտաքին քաղաքական կարգավիճակն ու ազդեցությունը միջազգային համակարգի շրջանակներում, այլ նաև ձեռնարկեց երկարաժամկետ և բազմաքայլ քաղաքական առևտուր (soft bargaining), ձեռք բերեց դաշնակիցներ, ստեղծեց ռեսուրսներ և ասեց ոչ՝ կա ռազմական ճանապարհ։ 

Ադրբեջանը գնաց բավականին հավակնոտ ու ռիսկային քայլի դասական փոքր պետության համար։ Այն է՝ ծրագրեց ու սանձազերծեց լայնածավալ ու գերժամանակակից մարտարվեստին բնորոշ, իր ինտենսիվությամբ բարձր հարձակողական ռազմական գործողություններ, որն ի դեպ, 21րդ դարի առաջին կոնվենցիոն պատերազմն էր։ Բաքուն շահագրգռեց այս հարցում ոչ միայն Թուրքիային, որն ուղիղ պլանավորման ու լոգիստիկ զգալի աջակցություն ցուցաբերեց, այլ նաև Ռուսաստանին, որն առնվազն դեմ չէր, որ իր դաշնակից Հայաստանը ջախջախվի ու զրկվի իր Փոքր Տերության վարքագիծ դրսևորող գործոնի կարգավիճակից։ 
Հիմնականում հաջողեց՝ մաքսիմալ օգտվելով հայկական կողմի անհեռատեսությունից ու ռազմավարությունից զուրկ պասիվ/իներտ գործելաոճից։ Ավելին, ի տարբերություն հայկական կողմի 1994ի մայիսին, Բաքուն նոյեմբերի 9ին ռազմական հաջողությունը ամրապնդեց դիվանագիտական հաղթանակի արձանագրմամբ։

1990-ականներից սկսած երբ ադրբեջանցիներին ասում էին` «դուք պարտվեցիք պատերազմում, իսկ հայերը՝ հաղթեցին», նրանք միշտ ուղղում էին` «պարտվեցինք ճակատամարտը, բայց ոչ պատերազմը»։ Դա էր իրենց այն փոքր լույսն ու հույսը, որ իրենք կանեն ամեն ինչ, որ մի օր մեզ ցույց տան ու պատժեն։ Ցուցադրեցին ազգային կամք, մտքի ճկունություն ու համառ հետևողականություն։

Հիմա, 2021ը մեզ համար առավել պատասխանատու տարի է։ Պետք է որոշենք` մենք պարտվեցինք պատերազմը, թե՞ ճակատամարտը։
Ներկա հակամարտային-մրցակցային բնույթ ունեցող աշխարհակարգի մեջ խաղացող պետությունների մեծ ընտանիքում մենք ունենք բարձրաձայն կամ լռելայն ընտրության երկու տարբերակ՝ 
- կամ գնում ենք թավշյա համակարգային կլիենտիզմի (վերջնական սաթելիտացում)՝ սպասարկելով Ադբրեջանի տարածաշրջանային օրակարգն ու տեսլականը, ինչի հիմքերն ըստ էության առավել ամրապնդվել են նոյեմբերի 10ի հայտարարության տեքստում։ 

- կամ էլ ընտրում ենք ֆունդամենտալ կերպարանափոխման, որակապես նոր մտածողության ու արժեհամակարգով ազգ դառնալու ճանապարհը, որի համար նորարարությունը, անընդհատ զարգացումն ու ոչ ստանդարտ լուծումները կդառնան մեր պետականության ինքնության  մաս։ <<Զարգացիր ու կրթվիր, կամ վերացիր>> կարգախոսը պետք է դառնա նոր ազգային թրենդ։ Առաջնայինը սակայն ներկա <<քաղաքական էլիտա>> կոչվածի օր առաջ որակական փոփոխությունը կամ փոխարինումն է պրոֆեսիոնալ  և հստակ տեսլական ու պետական հավակնությունների ձգտող էլիտայով՝ պհպանելով 2018 թվականի հեղափոխության ժամանակ առաջ քաշվող արժեքները։ Դրանից հետո, ազգային իրական ներուժի աուդիտ և ռեալ մոբիլիզացիային ուղղված ռազմավարություն, կարմիր գծերի հստակ ձևակերպում և իրական պրոակտիվ արտաքին քաղաքականության մշակումն է։ 

Այս տարբերակը պատուհան կբացի միջնաժամկետ հեռանկարում՝ տալով հնարավորություն կրկին հանդես գալ ռեգիոնալ քաղաքական աշխարհագրության Մեծ Խաղին դերակատար լինելու հավակնությամբ։ 
Իսկ հիմա մենք լավագույն դեպքում կարող ենք դասակարգվել որպես դասագրքային իմաստով թույլ պետություն, զրկված հնարավորություններից նույնիսկ պրոյեկտելու սեփական շահն ու ունակ լինելու միայն սպասարկել այլ երկրի (երկրների) իսկ մեր պարագայում նաև մեզ հաղթած իրեն Փոքր Տերության վարքագծի մեջ շարժվող Ադրբեջանին, որի ակնհայտ հավակնությունն է ձգտել էլ ավելի նոր բարձունքների՝ դառնալով հառնող Միջին Տերություն (Rising Middle Power)։ Այս առումով Մեղրու միջանցքը, որի համար ըստ որոշ տեղելությունների Բաքուն հատուկ կարգավիճակ է ուզում` մի կողմից վերջնականապես կվերացնի մեր հետագայում նորից սուբյեկտ դառնալու շանսը` մեր աշխարհաքաղաքական ու քաղաքակրթական օպոնենտին տալով հնարավորություն միջազգային ժամանակակից համակարգում հաստատվելու որպես հառնող Միջին Տերություն։

Բոլոր առումներով, ընտրությունը եղել ու մնում է մերը։ Մենք ենք ընտրել այսպիսի ելք։ Մենք էլ կընտրենք այս կամ այն` անպատիվ գոյատևման, կամ հավակնոտ վերակենդանացման ճանապարհը։

Որպես գիտնական, ունեմ այս իրավիճակից դուրս գալու իմ ոլորտին վերաբերող սցենարային քայլերի հերթականությունն ու ռազմավարությունը, բայց բնականաբար, այստեղ դրա մասին չեմ գրի»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր