211652_close_icon
views-count1049 դիտում article-date 13:16 14-02-2021

Մամուլի ու խոսքի ազատության դեմ պայքարը ամոթալի է և անիմաստ, սիզիփոսյան աշխատանք՝ անհեռանկար. Ա.Օհանյանը՝ Սյունիքի որոշ հատվածներում լուսաբանման աշխատանքների իրականացնելու վերաբերյալ ԱԱԾ որոշման մասին

Ստացվում է, որ գործող իշխանությունը և ԱԱԾ-ն Սահմանադրության գործողությունն են դադարեցրել և ազատ խոսքի սահմանադրական իրավունքն են սահմանափակել Հայաստանի տարածքում։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Հրապարակ» թերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը` անդրադառնալո Ազգային անվտանգության ծառայության որոշմանը, ըստ որի` ՀՀ Սյունիքի մարզի որոշակի հատվածներում լուսաբանման աշխատանքներ իրականացնելու դեպքում ԱԱԾ-ին իրազեկմանը:

«Կարելի էր վրդովվել, քննադատել, դիմել իրավապաշտպաններին և միջազգային կառույցներին այն բոլոր քայլերի համար, որ ձեռնարկել են այս տարիներին իշխանությունները, բայց մենք այնքան անօրինականություններ ենք տեսել այս երեք տարվա ընթացքում, որ դադարել ենք զարմանալ ու ընդվզել, ուղղակի մեր գործն ենք շարունակում անել՝ ուշադրություն չդարձնելով երկրի կառավարումը հիմնովին տապալած այս իշխանությունների վարքագծին ու ջղաձգումներին»,-ասաց նա և վստահություն հայտնեց, որ խոսքի ազատությունը սահմանափակելուն ուղղված ոչ մի ձեռնարկ, ինչպես այս իշխանությունների բոլոր ձեռնարկները, իր տրամաբանական ավարտին չի հասնելու։

«Մանավանդ խոսքի ազատությունը սահմանափակել չի ստացվելու, որովհետև անգամ եթե լրագրողների գործելու և խոսելու ազատությունը սահմանափակես, աշխարհն այսօր այնպիսին է, որ տեղեկատվությունը միևնույն է՝ հասնելու է մարդկանց։ Այս կամ այն ճանապարհով։ Իսկ մամուլի ու խոսքի ազատության դեմ պայքարը ամոթալի, անիմաստ պայքար է, սիզիփոսյան աշխատանք՝ անիմաստ ու անհեռանկար»,-ասաց նա:

Անդրադառնալով ընդհանուր առմամբ իշխանության մոտեցմանը լրատվամիջոցների նկատմամբ՝ Արմինե Օհանյանը նշեց, որ երկու տարի շարունակ հեղափոխական իշխանությունները ոտնձգություններ են կիրառում խոսքի ազատության նկատմամբ։ «Դա արտահայտվում է և՛ ֆեյսբուքյան արշավների, և՛ մամուլի դեմ ձեռնարկված տարաբնույթ ճնշումների ու մասնավորապես՝ օրենսդրական նախաձեռնությունների տեսքով։ Իսկ 2020 թվականն առհասարակ այդ առումով աննախադեպ էր՝ արտակարգ դրության, ապա ռազմական դրության պայմաններում մեծ արագությամբ ԶԼՄ-ների աշխատանքի սահմանափակումներ մտցվեցին, տուգանքների ահռելի չափեր սահմանվեցին և սկսեցին ոստիկաններն այցելել խմբագրություններ և խմբագիրների բնակարաններ։ Աննախադեպ բան, որ չէր եղել 30 տարվա ընթացքում»,-ասաց նա:

Խմբագիրը նկատեց, որ այժմ էլ փորձում են զրպարտության և վիրավորանքի քաղաքացիական հայցերի քննության ժամանակ սահմանվող տուգանքների չափերը մի քանի անգամ բարձրացնել, և պայքարում են լրատվամիջոցների «անանուն աղբյուրների» դեմ։ «Նպատակը մեկն է՝ ֆինանսապես ճնշել լրատվամիջոցներին, պետական չաշխատող խոսնակների և արծրունհովհաննիսյանական ստերի հույսին թողնել հասարակությանը, որ հասարակությունը չիմանա, թե ինչ է կատարվում երկրում և ինչ ապաշնորհ իշխանություն ունենք մենք այսօր»,-ասաց նա:

Նմանատիպ նյութեր