211652_close_icon
views-count6187 դիտում article-date 23:09 13-02-2021

Պարտությունը հիմա էլ շարունակվում է, մենք ամեն օր ենք պարտվում. Արմեն Բաղդասարյան. 168.am

Փետրվարի 7-ին «Իմ քայլը» խմբակցությունը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո հայտարարեց, թե հասարակության լայն շերտերի շրջանում արտահերթ ընտրությունների պահանջ չկա, և «Իմ քայլը» շարունակում է աջակցել Նիկոլ Փաշինյանին:

Քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանի դիտարկմամբ՝ արտահերթ ընտրությունների գաղափարից հրաժարվելու որոշումն «Իմ քայլի» կողմից սխալ քայլ էր, բայց չի բացառում, որ իշխող ուժը կարող է որոշ ժամանակ անց կրկին իր օրակարգում դնել արտահերթ ընտրությունների անցկացման հարցը:

««Իմ քայլը» դաշինքը ճիշտ չի՛ ասում: Արտահերթ ընտրությունների հանրային պահանջ կա և շատ մեծ պահանջ կա: Սխալ է վարվում «Իմ քայլը» դաշինքը, որովհետև արտահերթ ընտրություններից հրաժարվելով՝ նրանք գործընթացը կարող են տանել անկանխատեսելի զարգացումների և ցնցումների: Նրանց միակ ճիշտ քայլը կլիներ, այնուամենայնիվ, արտահերթ ընտրություններ անցկացնելը: Եվ ես վստահ եմ, որ եթե փողոցային պայքարը մի քիչ ավելի ակտիվանա, իշխանությունները, այնուամենայնիվ, կփոխեն իրենց դիրքորոշումը և կգնան արտահերթ ընտրությունների»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արմեն Բաղդասարյանը:

Ըստ վերլուծաբանի՝ խորհրդարանական իշխող խմբակցությունն ու առհասարակ իշխանությունն ի սկզբանե մտադիր չէր գնալ արտահերթ ընտրությունների: Պարզապես ելնելով այդ պահին առկա ներքաղաքական լարված իրավիճակից՝ հայտարարեցին արտահերթ ընտրություններ անցկացնելու մտադրության մասին՝ այդ կերպ փորձելով թուլացնել լարվածությունը:

«Դա նրանց ինչ-որ իմաստով հաջողվեց: Այսինքն՝ իրենք այսրոպեական խնդիր էին լուծում: Եվ հիմա, երբ իրավիճակը, ներքաղաքական լարվածությունը համեմատաբար հանդարտվեց, նրանք որոշեցին, որ՝ «էլ ինչի՞ պիտի գնանք արտահերթ ընտրությունների»: Ես վստահ եմ, որ նրանք՝ իշխանությունները, երբեք ինքնակամ չեն հեռանալու և ցանկացած գնով փորձելու են պահել իշխանությունը: Կստացվի՞, թե՞ ոչ, այլ հարց է»,- նշեց Արմեն Բաղդասարյանը:

Արմեն Բաղդասարյանի խոսքով՝ վիճակն իսկապես վատ է, բայց մենք էլի շատ բան կարող ենք կորցնել:

«Իսկապես վիճակը շատ վատ է, բայց Վազգեն Մանուկյանն այդ հարցում սխալվում է, որովհետև մենք էլի կարող ենք շատ բաներ կորցնել: Ավելին՝ պատերազմում այս պարտությունը նոյեմբերի 10-ին չի ավարտվել: Պարտությունը հիմա էլ շարունակվում է, մենք ամեն օր ենք պարտվում և ամեն օր նորանոր բաներ ենք կորցնում: Վտանգ կա, որ էլի կկորցնենք: Այսինքն՝ այնպես չէ, որ պատերազմն ավարտվեց, հիմա կայունության փուլ է: Ոչ, պարտությունը շարունակվում է և շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ մենք երկիրը այս վիճակից դուրս բերելու կոնկրետ ծրագիր, հայեցակարգ և կարող ուժեր չունենք  իշխանությունում»,- նշեց նա՝ հավելելով, որ, եթե այս անգամ Հայրենիքի փրկության շարժումը հանրությանը ներկայացնի կոնկրետ ծրագրեր, թե ինչ թիմով է պատրաստվում իրականացնել ներկայացված ծրագրերը, ապա «շատ լուրջ հանրահավաքային շարժում կարող է սկսվել»:

Ըստ վերլուծաբանի՝ այժմ հանրության մեջ կա խորը ապատիա, կան արտագաղթի տրամադրություններ, որովհետև մարդիկ չեն տեսնում, թե որ ուժը և ինչ ճանապարհով պիտի երկիրը դուրս բերի առկա ծանրագույն վիճակից:

Արմեն Բաղդասարյանը վստահ է՝ հանրությունն այսօր պատրաստ է խորհրդարանական ընտրությունների:

«Հայաստանը այսօր փաստացի իշխանություն չունի: Մինչդեռ Հայաստանի առջև այնպիսի վիթխարի պրոբլեմներ կան, որոնք գոնե մասամբ լուծել ի վիճակի է միայն գործունակ, գործուն և հանրության վստահությունը վայելող իշխանությունը: Իսկ հասարակության բացարձակ մեծամասնությունը, ես վստահ եմ, այս իշխանությունների հետ որևէ հույս չի կապում: Եվ այս իրավիճակում գտնվող երկիրը չի կարող չունենալ իշխանություն: Իսկ մենք տեսնում ենք, որ չկա իշխանություն: Պարզապես կա մարդկանց ինչ-որ խումբ, որոնք իրենք իրենց ուսապարկեր են անվանում, այդ մարդիկ ուղղակի զբաղեցրել են իշխանությունների տեղը․ ո՛չ իրենք են ղեկավարում, ո՛չ էլ թույլ են տալիս, որ նորմալ իշխանություն ձևավորվի:

Այս իշխանությունները միայն մի խնդիր են լուծում՝ հնարավորինս երկար, թեկուզ մի քանի օր, մի քանի շաբաթ երկարաձգեն իրենց իշխանությունը: Այսպես երկիր զարգանալ չի կարող, առավել ևս՝ ինչ-որ խնդիրներ լուծել չի կարող»:

Մանրամասները՝ 168.am-ում:

Նմանատիպ նյութեր