211652_close_icon
views-count10650 դիտում article-date 20:36 12-02-2021

Կատաստրոֆիկ վիճակում ենք, այս ոչնչությունները պետք է հեռանան, և գա մի մարդ, ով իր «ես»-ից բարձր կդասի ազգային արժեքները. Արամո. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վստահ եմ, որ իշխանության կգա մեկը, որը բոլոր ոլորտներում ազգային արժեքներն ավելի բարձր կդասի, քան իր «ես»-ը։ Այս մասին Ազատության հրապարակում «Հայրենիքի փրկության շարժման» հավաք-քննարկումից հետո Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ վաստակավոր արտիստ Արամոն։

«Նման իրավիճակներում հրաժարականների տեղատարափ է լինում, բայց այս իշխանությունները չեն գնում․ ասում են՝ կլինի ընտրություն, հետո ասում են՝ չի լինի։ Մի բանում եմ վստահ՝ ամեն սկիզբ ունի իր ավարտը։ Ես ուզում եմ՝ մեր հանրապետության գլխին լինեն պրոֆեսիոնալ անձինք, որոնք սրտացավ կլինեն, ոչ թե մանիպուլյացիաներ կանեն։ Նման ոչնչությունները պետք է հեռանան, որովհետև շատ կատաստրոֆիկ իրավիճակում ենք գտնվում, և ավելի վատ ժամանակներ են սպասվում, եթե սա երկար շարունակվի։ Տարբեր բնագավառներում  ամեն ինչ փլուզված է»,-ասաց նա։

Ըստ Արամոյի՝ եթե հրապարակում հավաքվի Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող 300-400 000 մարդ, Փաշինյանը, միևնույն է, չի հեռանալու։ Նա հարց հնչեցրեց՝ կարևորը հրաժարականը պահանջողների քանա՞կն է, թե՞ որակը։

«Վերջին 30 տարում ժողովուրդը պայքարի մեջ է, բայց այն, ինչ եղավ վերջին 2,5-3 տարում, մտածված խաղ է եղել և շարունակվում է։ Աչքաթող իրավիճակ է, համայնքի ղեկավարները փաստում են, որ բնակիչներն են բանակցում ադրբեջանցիների հետ։ Եթե ԱԺ-ում նստած երեսփոխանները մի քիչ մարդ լինեն, հրաժարական կտան»,-նշեց նա։

Անդրադառնալով դիտարկմանը, թե անհետ կորած զինծառայողները նշում են, որ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանն իրենց ասել է՝ պետք է շնորհակալ լինեն, որ գոնե 5 գերի վերադարձրել են, Արամոն արձագանքեց․ «Արսեն Թորոսյան, պատկերացրու՝ քո երեխան չկա, անհետ կորած է, ու քեզ այդպես պատասխանեն»,-ասաց նա՝ նշելով, թե կապիտուլյացիոն հայտարարության մեջ առաջին հերթին պետք է լիներ գերիների ու զոհերի դիերը վերադարձնելու մասին կետը։

Մանրամասները՝ տեսանյութում։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր