211652_close_icon
views-count1869 դիտում article-date 19:28 12-02-2021

Հայաստանի  պետական  տնտեսագիտական  համալսարանի  ռեկտորը  կատարում  է   գործողություններ,  որոնք առերևույթ  դիտավորությամբ  հանգեցնում են  համալսարանի բյուջեի  միջոցների  վատնմանը. ՀՊՏՀ  Ընդհանուր  բաժնի պետ

Հայաստանի  պետական  տնտեսագիտական  համալսարանի  ռեկտոր  Դիանա  Գալոյանը  կատարում  է   գործողություններ,   որոնք  առերևույթ   դիտավորությամբ   հանգեցնում են  համալսարանի   բյուջեի  միջոցների  վատնմանը:  Սույն թվականի փետրվարի 10-ին  Ընդհանուր  իրավասության  դատարանը   վճռել է  և  մանրամասն  նկարագրել,  որ  հաստիքի  փոփոխության հիմքով (ճարտարագետ-էներգագետը  արհեստականորեն  դարձել էր  ճարտարագետ-շինարար)  Խաչատուր Ավետիսյանի  հետ աշխատանքային  պայմանագիրը  լուծելու  մասին Դիանա Գալոյանի հրամանն անօրինական է եղել, որովհետև, 
ըստ  Աշխատանքային  օրենսգրքի  113-րդ  հոդվածի   3-րդ մասի,    գործատուն պարտավոր է  աշխատողին   առաջարկել   նրա   մասնագիտական  պատրաստվածությանը,  որակավորմանը,  առողջական  վիճակին  համապատասխան  այլ աշխատանք, սակայն չի առաջարկել: 

Այս անօրինական որոշման հետևանքով  դատարանը  վճռել է  վերականգնել  աշխատողին իր  նախկին  պաշտոնում և  համալսարանից հօգուտ աշխատակցի բռնագանձել շուրջ 4մլն դրամ:  Դիանա  Գալոյանը, չբավարարվելով  իր ակնհայտ անօրինական  գործողությունների հետևանքով  համալսարանի բյուջեին պատճառվող  միլիոնավոր դրամների  վնաս, այժմ որոշել է կրկնել  ճիշտ նույն ապօրինությունը՝ ունենալով  դատարանի վճիռը և լավ գիտակցելով իր  գործողությունների հետևանքը: 2012թ.-ից աշխատում եմ ՀՊՏՀ-ում, իսկ 2019 թ.-ի մայիսի 13-ից  ղեկավարում  եմ Հայաստանի  պետական տնտեսագիտական  համալսարանի Ընդհանուր բաժինը,  որը կազմակերպում է համալսարանի գործավարությունը, արխիվի,  ինչպես նաև հատուկ մասի  աշխատանքները:  Սույն թվականի  փետրվարի 5-ին ՀՊՏՀ ռեկտոր  Դիանա   Գալոյանից  ստացել եմ  ծանուցում առ այն, որ հաստիքի  կրճատման  պատճառով  ապրիլի 8-ից  ազատվում եմ  աշխատանքից,  և  հնարավորությունների   բացակայությամբ   պայմանավորված ինձ  այլ  աշխատանք  չի  առաջարկվում:

Տեղեկացնում եմ,  որ իմ  ղեկավարած  Ընդհանուր բաժնից,  որի մեջ մտնում էր  Հատուկ մասը, առանձնացվել է  վերջինս, ստեղծվել է  համալսարանի Հատուկ բաժին,  սակայն ինձ  ոչ   միայն  այդ բաժնի  ղեկավարի հաստիքը չի առաջարկվել, այլև նույնիսկ  գործավարի  հաստիք  չի   առաջարկվել:  Իսկ  համալսարանի  արխիվի աշխատանքների  կազմակերպումը ներառվել է  նորաստեղծ  Հատուկ  բաժնում,  սակայն միայն  անվանումը հուշում է,  որ արխիվը Հատուկ բաժնի  աշխատանք չէ, և դա արվել է հաստիքների արհեստական փոփոխության նպատակով:  Այսինքն,  թեև  դատարանի  վճիռ կա,  որ այդ անօրինական  մոտեցումը հանգեցնում է  համալսարանի  բյուջեի   միջոցների  անտեղի վատնման, տիկին  Գալոյանը  Աշխատանքային օրենսգրքի 113-րդ  հոդվածի  3-րդ   մասի   կրկին   կոպտագույն   խախտմամբ,   ինձ  չի  առաջարկել  վերոնշյալ  աշխատանքներից   որևէ   մեկը,   որոնք  առկա    են և  համապատասխանում   են  իմ  մասնագիտական   պատրաստվածությանը,     որակավորմանը  և   առողջական   վիճակին: 

Ինձ և ապօրինաբար ազատված նախորդ աշխատակցին /Խաչատուր  Ավետիսյանին/  ընդհանրացնում  է միայն այն,  որ համալսարանի ռեկտորը ցանկացել է ազատվել մեզանից՝ համալսարանում տեղի ունեցող ապօրինությունների վերաբերյալ սեփական կարծիքն ունենալու պատճառով: Բնականաբար նույն կերպ դիմելու եմ դատարան և վերականգնեմ իմ իրավունքները, սակայն անհասկանալի է, թե  Դիանա Գալոյանի դիտավորությամբ գործողություններից ինչու պետք է տուժի համալսարանը, որի բյուջեի միջոցները  ձևավորվում են ուսանողների վճարած վարձավճարներից  ու պետական ֆինանսավորումից և վատնվում այսպիսի եղանակով: Այս ապօրինությունների պատասխանատվությունը պետք է կրի անձամբ  Դիանա Գալոյանը, որի վերաբերյալ ներկայացնելու եմ հաղորդում հանցագործության մասին:

ՀՊՏՀ Ընդհանուր բաժնի պետ՝ Գայանե Մուրադյան

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր