211652_close_icon
views-count1393 դիտում article-date 16:09 12-02-2021

Կամերային նվագախումբը համերգին առաջին անգամ գործարկեց ճապոնական նոր գործիքները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ճապոնիայի կառավարության «Grassroots» դրամաշնորհային ծրագրով Հայաստանի պետական կամերային նվագախմբին հատկացվել են Yamaha երաժշտական նոր գործիքներ: Փետրվարի 11-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացավ համերգ-շնորհանդես, որին երաժշտասեր հանրույթին առաջին անգամ ներկայացվեցին նոր գործիքները:

Համերգին նախորդեց հատուկ հուշատախտակի բացման արարողությունը, որն իրականացրին Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադան, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը և ԿԵԱԿ տնօրեն Նորայր Նազարյանը: 

«Հայերն իրենց բնույթով ամենաերաժշտական ազգերի շարքին են պատկանում։ Ինչպես բոլորս գիտենք, չկա մի լեզու, որ միավորում է մարդկանց առավել, քան երաժշտությունը։ Ուստի Ճապոնիայի համար մեծ պատիվ է աջակցել Հայաստանում երաժշտական կյանքի զարգացմանը։ Ճապոնիան ցանկանում է լինել Հայաստանի կողքին՝ մեծ վերականգնման և նոր ձգտումների այս ժամանակաշրջանում»,-արարողության ընթացքում նշեց դեսպան Յամադան: 

Արա Խզմալյանն էլ փաստեց՝ երաժշտական բարձրակարգ գործիքների առկայությունը գույքային ձեռքբերում չէ, այլ մասնագիտական աճի, գեղարվեստական որակի ապահովման և միջազգային հարաբերությունների ընդլայնման գրավական։ Նախարարի տեղակալը վստահ է, որ երաժշտական գործիքները դառնալու են հոգևոր արժեքների ամրապնդման և տարածման յուրահատուկ դեսպաններ։

Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն Նորայր Նազարյանն էլ ընդգծեց, որ նվագախմբի համար նոր գործիքների ձեռքբերումը չափազանց կարևոր իրադարձություն է։ «Դեռ 2018 թվականին, երբ ստանձնեցի ԿԵԱԿ տնօրենի պարտականությունները,  առաջնային նպատակներիցս մեկը բարձրորակ համերգների կազմակերպման համար Կոմիտասի անվան կամերային երաժշտության տունը բոլոր անհրաժեշտ պայմաններով ապահովելն էր։ Խորհրդանշական է, որ ծրագրի իրագործումը համընկավ ԿԵԱԿ 10-ամյակի հետ՝ հնարավորություն տալով ընդլայնել երկացանկը, հրավիրել նորանոր արտիստների և իրականացնել նախագծեր, որոնք չէին կատարվում հարիր գործիքակազմի բացակայության պատճառով»,-նշեց Նորայր Նազարյանը և իր խոսքում շնորհակալություն հայտնեց նախագծի բոլոր աջակիցներին: Համերգի մեկնարկին, ի նշան շնորհակալության, Նազարյանը դեսպանին նվիրեց դուդուկի մեծ վարպետ Ջիվան Գասպարյանի անվանական դուդուկը՝ ի նշան երախտագիտության: 

Նշենք, որ շնորհանդես-համերգին ելույթ ունեցավ Հայաստանի պետական կամերային նվագախումբը՝ դիրիժոր Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ և դաշնակահար Սվետլանա Նավասարդյանը: Համերգի ծրագրում հնչեցին Յ.Ս.Բախի Դաշնամուրային կոնցերտ ռե մինոր և Բիզե/ Շչեդրին «Կարմեն-սյուիտ» լարային նվագախմբի և հարվածայինների համար ստեղծագործությունները:
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր